Մատչելիության հղումներ

Մտավորականության ներկայացուցիչները բողոքում են Գարեգին Նժդեհի աճյունը վերահուղարկավորելու ծրագրի դեմ


Մտավորականության ներկայացուցիչների՝ չորեքշաբթի օրը կայացած հավաքում կտրուկ անհամաձայնություն հնչեցվեց Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մտադրությունը՝ Կապանում հատուկ կառուցվելիք հուշահամալիրում զորավար Գարեգին Նժդեհի աճյունը վերահուղարկավորելու մասին:

Դեռւես 20 տարի առաջ, այն ժամանակների համար աներեւակայելիորեն մի խումբ հայ մտավորականների հաջողվել էր Ռուսաստանի Վլադիմիր քաղաքից գաղտնի պայմաններում Հայաստան տեղափոխել Գարեգին Նժդեհի աճյունը, որից մի մասունք ամփոփվեց Սյունիքում (1983 թվականի հոկտեմբերին): Չորս տարի անց՝ 1987-ին աճյունն ամբողջովին վերահուղարկավորվեց Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցու բակում՝ ուղտատեղի դառնալով ողջ հայ ժողովրդի համար:

Զորավարի աճյունը վերահուղարկավորելու՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մտադրությունը վրդովմունք է առաջացրել մտավորականության, առաջին հերթին՝ Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած մարդկանց շրջանում:

«Մենք անհասկանալի ենք համարում սա», - ասաց մտավորականների այսօրվա հավաքը նախաձեռնած «Գարեգին Նժդեհ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռաֆայել Համբարձումյանը: - «Ո՞րն է նպատակը: Հայաստանում է գտնվում Նժդեհի աճյունը: Ժողովուրդը ինքն է բերել-ամփոփել այդտեղ»:

Նժդեհի աճյունի վերահուղարկավորմանը 20 տարի առաջ մասնակցած, այսօր արդեն անվանի դերասան Երվանդ Մանարյանը ցավով ասաց, թե տեղի է ունենում հերթական «քաղաքական շոուն»:

«Վերաթաղել, հավաքվել տարին մեկ անգամ, կուսակցության անունը սեփականաշնորհման կարգով դնել այդ շիրիմի վրա», - Նժդեհի աճյունի վերահուղարկավորման մտադրության իր բացատրությունը տվեց Մանարյանը: - «Եթե մենք մեր ազգի արժանապատվությունը ունենք, պիտի կարողանանք դիմակայել... Տարրական բան չեն կարողանում հասկանալ: Ի վերջո, ամեն մի ժողովուրդ ունի իր սրբավայրերը»:

Հայտնի երաժիշտ Խորեն Պալյանը «սրբապղծություն» է համարում վերահուղարկավորման բուն գաղափարն իսկ: «Ուրիշ բան է ազատագրելը՝ դրսից բերել-հասցնել, մայրենի հողին հանձնել: Ուրիշ բան է՝ որեւէ քաղաքական գործիչ, որ ոչ մի ժողովրդականություն չի վայելում, ինքնագլուխ կերպով նման ձեռնարկի դիմի՝ առանց ժողովրդին հարցնելու»:

Հանդիպման մասնակիցները նամակներ հղեցին Հայաստանի նախագահին, վարչապետին եւ կառավարությանը, որոնցում մասնավորապես ասվում է. - «Սրբապղծություն է Նժդեհի աճյունի վերահուղարկավորման գաղափարն ինքնին, ինչի իրագործումը կարող է ունենալ հեռագնա բացասական հետեւանքներ»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG