Մատչելիության հղումներ

Եվրամիության անդամ երկրների դիվանագետները հետաքրքրվում են «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի խնդրով


Ավարտվող շաբաթվա ընթացքում Եվրամիության անդամ մի շարք երկրների՝ Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ հանդիպումներ են ունեցել անցած տարվա գարնանից ի վեր եթերից զրկված «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի հետ:

Հուլիսի 18-ի մրցույթի արդյունքներով այս հեռուստաընկերությունները կրկին դուրս են մնացել եթերից, եւ այդ կապակցությամբ ՀՌԱՀ-ի որոշումը ինչպես միջազգային, այնպես էլ ներքին՝ այդ թվում կառավարող կոալիցիային անդամակցող քաղաքական ուժերի քննադատության թիրախ է դարձել:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի եւ «Նոյյան տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանի, իսկ ավելի ուշ ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ հանդիպել են Հայաստանում Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդականը, Հունաստանի հյուպատոսը, ինչպես նաեւ Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Ներկայումս Եվրամիությունում նախագահող երկրի՝ Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն հանդիպումներին մասնակցած դիվանագետների անունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե դրանք շատ օգտակար էին եւ «դիվանագետներին կօգնեն բավարար ձեւով հասկանալ խնդրի բոլոր նրբությունները»:

«Եվրամիության դիվանագետների կողմից նախաձեռնված հանդիպումների նպատակն էր տեղեկություններ հավաքել այս երկրում մամուլի հետ կապված իրավիճակի վերաբերյալ», - ասաց նա՝ ավելացնելով, թե եզրակացությունների մասին խոսելը դեռ վաղ է՝ իրենք առայժմ միայն տեսակետեր են հավաքում: - «Տարբեր կազմակերպություններ իրենց սեփական մոտեցումներն են ընտրել: Մենք էլ որոշել ենք հանդիպել, ինֆորմացիա հավաքել»:


Կլեմենտեն խուսափեց ուղղակի պատասխանել հարցին, թե հանդիպումների արդյունքում արդյո՞ք ինչ-որ զեկույց է ներկայացվելու Եվրամիության ղեկավարությունը՝ ասելով. - «Մենք հիմա դա ենք որոշում: Առայժմ ինֆորմացիա ենք հավաքում, հետո կորոշենք, թե ինչ անել»:

Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը արեւմտյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աղբյուրի փոխանցմամբ, բերել է նույն հիմնավորումները՝ «Ա1+»-ը եւ «Նոյյան տապան»-ը արտոնագիր չեն ստացել, քանի որ նրանց ներկայացրած ծրագրում ֆինանսավորումը բավարար չէր: Սրան ի պատասխան, ըստ նույն աղբյուրի, Եվրամիության անդամ երկրների բարձրաստիճան դիվանագետները Գրիգոր Ամալյանի ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ, հանձնաժողովի կարծիքով, միայն ընդդիմադիր կայաններն են վատ ֆինանսավորում ունենում, եւ դա արտոնագիր չտրամադրելու համար արդարացում չէ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մամուլի պատասխանատուն հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ կայացած հանդիպման մասին՝ ասելով, թե նման հրահանգ է ստացել հանձնաժողովի նախագահից:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանդիպման ժամանակ իրենք պնդել են, որ հանձնաժողովը քաղաքական պատվեր է կատարում: «Նոյյան տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ դեսպաններն անընդհատ ընդգծել են իրենց մտահոգությունը ստեղծված իրավիճակով:



Անցնող շաբաթ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը, կիսելով Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի հայտարարություններում առկա մտահոգությունները, նույնպես քննադատեց «Ա1+»-ին եթեր չտրամադրելու որոշումը՝ ասելով, որ այդ հեռուստաընկերությունը «արժեքավոր եւ շատ կարեւոր դերակատարություն ուներ Հայաստանի լրատավական դաշտում»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

(Լուսանկարում՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG