Մատչելիության հղումներ

Այս տարի Հայաստան կայցելի շուրջ 200 հազար զբոսաշրջիկ


Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը տարեվերջին կհատի 200 հազարի սահմանագիծը՝ անցյալ տարվա նկատմամբ աճելով մոտ 25 տոկոսով:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության կարգավորման վարչության պետ Արթուր Զաքարյանի գնահատմամբ, այս տարի Հայաստանում ճամփորդների ներհոսքի անկում գրանցվեց միայն մայիսին՝ կապված իրաքյան պատերազմի եւ, ավելի ուշ, ոչ տիպիկ թոքաբորբի համաճարակի հետ: Այդուհանդերձ, հետագա ամիսներին զբոսաշրջիկների ներհոսքը վերստին աճեց՝ ընդհանուր առմամբ վեց ամսվա արդյունքներով հասնելով 70 հազարի:

Այս տարի զբոսաշրջիկների հոսքի հնարավոր ավելացումը բացատրվում է նաեւ համահայկական միջոցառումներով՝ շուտով մեկնարկող համահայկական երիտասարդական խաղերով, սեպտեմբերին կայանալիք Հայաստան - սփյուռք գործարար համաժողովով, տարաբնույթ մասնագիտական խորհրդաժողովներով։

«Ընդհանրապես, տուրիզմի ոլորտի ծառայությունների արժեքը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 8 տոկոսը, սա գումարային առումով տարեկան շուրջ 200 միլիոն դոլար է», - ասաց Զաքարյանը։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջին հաշվով Հայաստանում մնում է 7-10 օր՝ այդ ընթացքում ծախսելով մոտավորապես 1000 դոլար։ Մինչդեռ, սա այնքան էլ էժան չէ: Ճամփորդական ծառայությունների փաթեթն հատկապես թանկացնում են օդանավի տոմսերի բարձր գները, որ բացարձակապես չեն համապատասխանում «Զվարթնոց» օդանավակայանի տրամադրած ծառայությունների ցածր որակին:

Հայաստանյան ճամփորդական ուղեգրի գնի մեջ օդանավի տոմսի արժեքը առնվազն 35 տոկոս է կազմում: Մինչդեռ, ԱՊՀ երկրներից, օրինակ, Ռուսաստանում, ավիատոմսի արժեքը տուրիստական փաթեթի գնի 20 տոկոսից չի անցնում, իսկ զարգացած զբոսաշրջության երկրներում՝ առավելագույնը 15 տոկոս։

Այս հանգամանքը շեշտում են նաեւ հյուրանոցային բիզնեսով զբաղված գործարարները եւ տուրիստական գործակալությունների ղեկավարները։

«Հայաստանի տուրիզմի ամենամեծ պրոբլեմը մեր օդանավային սիստեմն է, որը որեւէ ճկունություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Մենուա տուր» ճամփորդական գործակալության գործադիր տնօրեն Ռուբինա Ղազարյանը։

Հյուրանոցային բիզնեսում արված ներդրումների արագ փոխհատուցվելու հատկությունը գրավիչ է դարձնում այդ ոլորտը: Ամեն տարի Հայաստանում շարք են մտնում շքեղ հյուրանոցներ կամ հիմնանորոգվում են գործողները։ Վերջերս շարք մտավ «Եվրոպա» հյուրանոցը մայրաքաղաքի կենտրոնում, Սեւանի ափին Թուֆենկյան հիմնադրամի միջոցներով կառուցված «Ծափատակ»-ը։

Հյուրանոցները հատկապես սեզոնի պիկին գործում են իրենց հզորությունների սահմանին մոտ։ Ընդ որում, այցելուների կազմի առումով հյուրանոցներում նոր միտումներ կան։ «Անի պլազա» հյուրանոցի մարքետինգի եւ վաճառքի գծով տնօրեն Նելլի Ալեքսանյանի հավաստմամբ, իրենց հյուրերի կազմում գերակշռող են դառնում ոչ թե սփյուռքահայերը այլ՝ օտարազգիները.

«Մենուա տուր» ճամփորդական գործակալության տնօրենի կարծիքով, հատկապես եվրոպացիների համար Հայաստանը գրավիչ է իբրեւ կովկասյան տարածաշրջանի մաս:

«Եվրոպացիների մեծ մասը ցանկանում է տարածաշրջանային տուրիզմով զբաղվել», - ասաց տկն Ղազարյանը: - «Գալով Հայաստան, ասենք, այցելում են նաեւ Վրաստան, Ադրբեջան, երբեմն նաեւ Իրան: Մի անգամ օդանավի տոմսի փողը վճարելով՝ տեղում մի քանի երկիր են այցելում»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG