Մատչելիության հղումներ

Ջոն Օրդուեյ. «Հուսով ենք, որ տարեվերջին գործընթացը կակտիվանա»


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը երեքշաբթի օրը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը տարեվերջին կակտիվանա՝ անկախ Ադրբեջանում հնարավոր իշխանափոխությունից:

Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները մտադիր էին Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները ակտիվորեն շարունակել Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Այսօր այլեւս ակնհայտ է, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը կարող է Հեյդար Ալիեւը չլինել:

Թուրքիայի զինվորական հոսպիտալներից մեկում բուժվող Հեյդար Ալիեւի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում, իսկ երեկ էլ արձակուրդից հետ կանչված Ադրբեջանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում Հեյդար Ալիեւի առաջարկությամբ հաստատել է վերջինիս որդուն՝ Իլհամ Ալիեւին:

Օրդուեյի խոսքերով, անկախ այն բանից, թե Ադրբեջանում ով կգա իշխանության գլուխ, բանակցությունները կշարունակվեն:

«Եվ հասկանալի է, որ այդ բանակցությունները չեն կարող վակուումի վրա կառուցվել: Բնականաբար դրանք հիմնվելու են անցյալի քննարկումների, անցյալի բանակցությունների եւ այն հենքի վրա, որ անցյալ տարիների ընթացքում արդեն ստեղծվել է», - ասաց դեսպանը: - «Մեզ միայն մնում է սպասել եւ տեսնել, թե գործընթացը երբ կարող է ակտիվանալ: Հուսով ենք, որ դա կլինի տարեվերջին»:

Դեսպանի կարծիքով, համանախագահները հիմնվելու են այնպիսի սկզբունքների վրա, որոնք, իրենց կանխատեսումներով,
իրագործելի են եւ կտանեն կարգավորման խաղաղ, կայուն եւ երկարատեւ տարբերակի:

Ջոն Օրդուեյը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի մոտեցումները, դիրքորոշումը որեւէ փոփոխության չեն ենթարկվի, ինչպես նաեւ չի փոփոխվի ԱՄՆ-ի ներգրավվածությունը խաղարարար գործընթացում:

Դեսպանը խուսափեց պատասխանել հարցերին, որոնք վերաբերում էին Հեյդար Ալիեւի առողջական վիճակին, նրա որդու՝ վարչապետի պաշտոնում հաստատվելուն, Ադրբեջանում հնարավոր զարգացումներին՝ ասելով, սոսկ, թե ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ադրբեջանում ամեն ինչ կատարվի երկրի Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ հրադադարը շարունակվի, եւ ամբողջ սահմանագծով պահպանվի կայունությունը», - ավելացրեց նա:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG