Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «հիասթափված է» «Ա1+»-ի կրկին եթերից դուրս մնալու կապակցությամբ


Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները իրենց ձայնը միացրին «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը եթերից դուրս թողնելու որոշման միջազգային եւ ներհայաստանյան քննադատությանը՝ նշելով, որ Հայաստանում «խիստ անհրաժեշտ է» այդ հեռուստաընկերությանը կապուղի տրամադրելը:

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատեց «տարաբնույթ տեսակետեր արտահայտելու հնարավորություն ստեղծող» այդ հեռուստաընկերությանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ)՝ հուլիսի 18-ին անցկացրած մրցույթում կրկին կապուղի չտրամադրելու մասին որոշումը:

«Մեր դիրքրոշումը ամենեւին չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն օրից, երբ «Ա1+»-ը առաջին անգամ զրկվեց արտոնագրից», - ասաց դեսպանը՝ հիշեցնելով իրենց տեսակետը, թե «Ա1+»-ը արժեքավոր եւ շատ կարեւոր դերակատարություն ուներ Հայաստանի լրատվական դաշտում: - «Հատկապես քաղաքական դեբատներ կազմակերպելու գործում «Ա1+»-ը ավելի լայն եւ տարաբնույթ տեսակետեր արտահայտելու հնարավորություն էր ստեղծում, քան մյուս հեռուստաընկերությունները»:

«Մենք հույս ունեինք, թե հնարավորություն կստեղծվեր, որ այսպիսի հեռուստաընկերությունը վերստին կարողանար գործունեություն ծավալել, եւ նորից ներկայացվեին տարաբնույթ տեսակետեր», - շարունակեց դեսպանը: - «Մենք , ինչպես նաեւ միջազգային մյուս կառույցները, որոնք արտահայտել են իրենց տեսակետերը, հիասփաթված էինք, որ հանձնաժողովի կողմից հնարավորություն չընձեռվեց «Ա1+»-ին՝ վերսկսելու իր գործունեությունը, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, բավականին լավ առաջարկ էր ներկայացրել»:

Անցած շաբաթ, սակայն, նախագահ Քոչարյանի խոսնակը, փոխանցելով նախագահի կարծիքը, ասել էր, թե ՀՌԱՀ-ը գործել է օրենքի շրջանակներում: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նույն կարծիքը արտահայտեց նաեւ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Պատասխանելով կապուղիների մրցույթում «Ա1+» հեռուստաընկերության չհաղթելուց հետո հնչած մեկնաբանություններին վերաբերող հարցին, Հարությունյանը ասաց. - «Երբեմն այդ մեկնաբանությունների մեջ ես տեսնում եմ ոչ թե մտահոգություն՝ «Ա1+»-ը եթերում է, թե ոչ, այլ ամեն մեկը ինչ-որ խնդիր է ուզում լուծել»: Իսկ հարցը, թե արդյո՞ք նկատի ունի նաեւ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի որոշմանը բացասաբար արձագանքած ԱԺ փոխխոսնակներ Տիգրան Թորոսյանին եւ Վահան Հովհաննիսյանին, ինչպես նաեւ Դաշնակցության Գերագույն մարմնին, Ալեքսան Հարությունյանը անպատասխան թողեց:

Ալեքսան Հարությունյանը ՀՌԱՀ-ի որոշման ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քննադատության մեջ թերություն է տեսնում. - «Ա1+»-ը որեւէ ձեւով չպետք է առանձնացվի այլ հեռուստաընկերություններից»: «Ի վերջո, կա օրենք, կա օրենքով ստեղծված հանձնաժողով, հանձնաժողովը կայացրել է որոշում», - շարունակեց նա: - «Կարծում եմ, «Ա1+»-ի համար էլ է վիրավորական, երբ հայտարարում են, թե պետք է քաղաքական որոշում կայացնել եւ բացել («Ա1+»-ը)՝ անկախ նրանից ներկայացված առաջարկները լավն են, թե չէ»:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG