Մատչելիության հղումներ

Քոչարյանը ներում է շնորհում մահվան դատապարտվածներին


Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտավ նոր Քրեական օրենսգիրքը, եւ առաջին իսկ օրը հրապարակվեց նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով 42 մահվան դատապարտված անձանց ներում է շնորհվել ու նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է նոր օրենսգրքում սահմանված առավելագույն պատժաչափով՝ ցմահ բանտարկությամբ:

Այսօրվանից Հայաստանում մահվան դատապարտված անձինք չկան, սակայն Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին առանձին օրենքը (որն Ազգային ժողովն ընդունել էր՝ սողանցք թողնելով «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու համար՝ եթե դատարանն ընդունի նման վճիռ) որոշ ծանր հանցագործությունների դեպքում (ահաբեկչական գործողություն, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն եւ մանկահասակ աղջկա բռնաբարություն) թույլ է տալիս մահապատժի դատավճիռ կայացնել:

Նշված բացառություններն էլ կվերանան, երբ եւ եթե Ազգային ժողովը վավերացնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համաեվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, ինչը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի հանձնառած առանցքային պարտավորություններից է եւ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի օրակարգի կենտրոնական հարցերից մեկը:

Քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը կալանավայրերից ազատ արձակվեցին 200 դատապարտյալներ, ում պատժաչափերը նոր օրենսգրքով ավելի մեղմ են. այս դեպքում միայն օրենքը հետադարձ ուժ ունի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, կալանավորներից 176-ը ազատվել են Հրազդանի գաղութից, մյուսները՝ այլ կալանավայրերից:

«Քրեական նոր օրենսգիրքը սահմանում է, որ նախաքննության տակ գտնվողների մեկ օրը վերահաշվարկվում է 1,5 օրվա», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր ազատ արձակված անձինք ընկել են այդ հաշվարկի տակ:

Իսկ կալանավորների մեծ մասը ազատ կարձակվի ավելի մեղմ պատիժ նախատեսող հոդվածների հիման վրա. դատարանները արդեն վերանայում են վճիռները նոր օրենսգրքի լույսի ներքո եւ կայացնելու են նոր վճիռներ: Այդպիսի խնդրանքով դիմումներ ներկայացրած կալանավորների թիվը անցնում է 2,5 հազարից:

Դատարանների վերանայված վճիռներով ազատված կալանավորներ այսօր չեն եղել: «Դեռեւս մենք դատարաններից չենք ստացել որոշումները», - պարզաբանեց արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետը:


Հայաստանի 15 կալանավայրերում իրենց պատիժը կրող 3600 դատապարտյալներից մոտ 1000-ը կարող է ազատ արձակվել մոտ ժամանակներս: Սամվել Հովհաննիսյանի պարզաբանմամբ, ազատ են արձակվելու հիմնականում թեթեւ հանցագործություններ կատարած անձինք, թեեւ չի բացառվում, որ դա տարածքի նաեւ որոշ ծանր հանցագործություններ կատարած անձանց վրա:

«Այսուհետ էլ կարող է ծանր հանցագործություն կատարած անձը ազատվի, որովհետեւ նա արդեն բավական ժամանակ պատիժ է կրել... եւ չի բացառվում, որ նոր օրենքով ազատվի արդեն օգոստոս ամսին», - պարզաբանեց Սամվել Հովհաննիսյանը՝ միաժամանակ հավաստիացնելով, թե դա չի սրի վերջին ամիսներին բավական բուռն քննարկվող քրեական իրավիճակը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG