Մատչելիության հղումներ

Կարեն Ճշմարիտյանի կարծիքով, Հայաստանը կշահի, եթե բացվի հայ-թուրքական սահմանը


Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ուրբաթ օրը արտահայտվեց հօգուտ հայ-թուրքական սահմանի բացման, ինչի մասին խոսակցությունները վերջին ժամանակներում ակտիվացել են: Սահմանի բացմանը, սակայն, կտրականապես դեմ է Ճշմարիտյանի անդամակցած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ «Օրինաց երկիր»-ի հետ քաղաքական կոալիցիա կազմած Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Ճշմարիտյանի խոսքերով, քաղաքական առումով հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանին դրական միտումներ կբերի: Դրա տնտեսական հետեւանքները, ըստ նախարարի, հաշվարկի կարիք ունեն, սակայն, ինքը չի կարծում, թե դրա արդյունքում Հայաստանը տանուլ կտա:

«Մեր շուկայի պաշտպանիչ եւ արագ արձագանքող միջոցների առկայության պայմաններում Հայաստանի ձեռնարկատերերի համար մրցակցության նոր դաշտ է բացվում: Տրանսպորտային այլընտրանքային ուղու առկայությունն էլ կարող է նպաստել վրացական ուղղության էժանացմանը, հետեւաբար՝ արտահանման որոշակի պոտենցիալի ավելացմանը», - հայտարարեց նախարարը:

Հայաստան - Թուրքիա սահմանի կամ ճանապարհների բացումը իշխող կոալիցիայի մեկ այլ անդամ Դաշնակցության կարծիքով, սակայն, «ուղղակիորեն վտանգելու է մեր ազգային շահերը»:

«Ցանկացած ճանապարհի բացում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Հայաստանին կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը դարձնի տրանզիտային երկիր», - անցած ամիս հայտարարել է Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: - «Այլապես Թուրքիայից ճանապարհը ուղղակի մի քիչ կերկարի եւ Հայաստանը կկցի Թուրքիայի արեւելյան շուկաներին»:

Ճշմարիտյանի խոսքերով, մինչդեռ, Հայաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը չի խանգարի «ցանկացած ռեժիմ ցանկացած ապրանքի վրա ցանկացած պահի կիրառել Թուրքիայի դեմ»:

Հայ-թուրքական սահմանի բացման օգտին է արտահայտվել նաեւ քաղաքական կոալիցիայի երրորդ ուժը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ղեկավարը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը անցած ամիս արտահայտվել էր Հայաստան - Թուրքիա խորհրդարանական կապեր հաստատելու օգտին, ինչի համար արժանացել էր նույն Դաշնակցության խստագույն քննադատությանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG