Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը


Օրերս Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Վահան Մխիթարյանի ձերբակալությանը՝ կաշառառության մեղադրանքով, այսօր հետեւել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որով պաշտոնից ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի երկարամյա հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը:

Ինչպես հաղորդել են Հայաստանի զինվորական դատախազությունն եւ Ազգային անվտանգության ծառայությունը, Վահան Մխիթարյանը մեղադրվում է «լայնամասշտաբ» կաշառառության մեջ, եւ նրա նկատմամբ հարուցվելու է քրեական գործ: Հաղորդվում է նաեւ, որ Մխիթարյանի աշխատասենյակում եւ բնակարանում հայտնաբերվել է ապօրինի պահվող երեք ավտոմատ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ձերբակալված Վահան Մխիթարյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մեխակ Մխիթարյանի եղբայրն է:

Թեեւ Լեւոն Ստեփանյանի պաշտոնանկության պատճառների մասին ոչինչ չի ասվում, ակնհայտ է, որ այն կապված է Մխիթարյանին ներկայացվող մեղադրանքների հետ: Հայտնի չէ, սակայն, թե գերենալ Ստեփանյանի նկատմամբ կասկածներ կա՞ն, թե՞ ոչ:

Լեւոն Ստեփանյանը Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարն է եղել 1992 թվականին դրանց կազմավորումից ի վեր:

Նախագահի Քոչարյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել գնդապետ Վյաչեսլավ Ոսկանյանը:


Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG