Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը չի դադարեցնելու պայքարը


«Ա1+» անկախ հեռուստաընկերությունը շարունակելու է պայքարը հեռուստաեթեր վերադառնալու համար՝ մասնակցելով առաջիկայում անցկացվելիք բոլոր մրցույթներին: Հեռուստաընկերության ղեկավարները մեծ հույսեր են կապում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, ուր դիմել են 2002 թվականի ապրիլյան մրցույթից հետո:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իրենք մասնակցելու են առաջիկայում անցկացվելիք բոլոր մրցույթներին: Թեեւ դրանց անցկացման կոնկրետ ժամկետները չեն նշվում, սակայն հայտնի է, որ դրանք անցկացվելու են գալիք աշնանը:

«Առջեւում ունենք չորս մրցույթ», - հուլիսի 18-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հեռուստառադիոյի ազգայի հանձնաժողովի նախագահ րիգոր Ամալյանը:

Մրցույթի դրվելիք այդ 4 հաճախականություններով այսօր հեռարձակվում են առանց արտոնագրի, պայմանագրային հիմունքներով են աշխատող «Ար», «Պրոմեթեւս», «Էն-Տե-Վե» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունները:

Չի բացառվում, սակայն, որ մինչ այդ մրցույթները իրավիճակը փոխվի: «Ա1+»-ին եւ «Նոյյան տապան»-ին կրկին եթերից դուրս թողած՝ հուլիսի 18-ին անցկացված վերջին մրցույթի արդյունքները, որ արժանացան բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների խիստ քննադատությանը, երկրի ներսում էլ քննադատվել են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից:

Ազգային ժողովի երկու փոխխոսնակները՝ Տիգրան Թորոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, խնդրին անդրադառնալով, հայտարարել են, որ աշնանը հանդես են գալու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ:

Բացի այդ, «Ա1+»-ը դեռ 2002 թվականի ապրիլյան մրցույթից հետո դիմել էր մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

«Մենք լուրջ հույսեր ունենք, որ այս տարվա ընթացքում քննարկումներ կլինեն դատարանում, [գործը] արդեն վարույթ կմտնի», - շաբաթ օրը լրագրողներին ասաց Մեսրոպ Մովսեսյանը: -«Անպայման վարույթ մտնելու է մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր: Մեր անգլիացի իրավաբանների հետ միասին մեծ հույսեր ունենք, որ ավելի արագացած տեմպերով այս հարցը պետք է լսվի»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

(Լուսանկարում՝ Մեսրոպ Մովսեսյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG