Մատչելիության հղումներ

ՀՌԱԿ համանախագահները ժխտում են, թե տարաձայնություններ են ունեցել նախկին ատենապետի հետ


Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) անցած շաբաթավերջին կայացած արտահերթ համագումարում ընտրված կուսակցության երեք համանախագահները ուրբաթ օրը պնդեցին, թե տարաձայնություններ չեն եղել իրենց եւ կուսակցության արդեն նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանի միջեւ:

Ռուբեն Միրզախանյանն էլ, ինչպես ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում պնդեցին ՀՌԱԿ նախկին երեք փոխատենապետերն ու ներկայիս համանախագահները, իր դիմումում չէր նշել հրաժարականի պատճառները: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում օրերս նորընտիր համանախագահներից մեկը չէր բացառել Միրզախանյանի ընտրվելը համանախագահի պաշտոնում՝ եթե վերջինս հրաժարական չտար:

Արտահերթ համագումար հրավիրելու ու կանոնադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը ակնհայտորեն պայմանավորված էր անցած խորհրդարանական ընտրություններում կուսակցության կրած անհաջողությամբ. ՀՌԱԿ-ը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը, թեեւ վայելում էր իշխանությունների առնվազն բարեհաճությունը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի զորեղ աջակցությունը:

«Երբ կուսակցությունը հաջողության է հասնում, բոլորը այդ հաջողությունը վերագրում են իրենց, երբ անհաջողություն է ապրում՝ բոլորը վերագրում են ղեկավարին», - ասուլիսում ասաց նորընտիր համանախագահներից մեկը: Բայց անցած ընտրություններում կրած պարտությունը հենց կուսակցության անհաջողությունն էր. - «Դրա մեջ կա կուսակցության յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունը: Այնպես որ, մենք հեռու ենք այն մտքից, որ որեւէ մեկին դարձնենք քավության նոխազ»:

Ասուլիսում, սակայն, բազմիցս եւ վատ թաքցված գոհունակությամբ հիշատակվեց Ռուբեն Միրզախանյանի՝ արդեն ՀՌԱԿ շարքային անդամ լինելը: Գոհունակությամբ նշվեց նաեւ, որ վերջինս նշանակվել է «Թեքեյան» մշակութային կենտրոնի նախագահ:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասել էր, որ շարունակելու է ՀՌԱԿ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով սրան, նորընտիր համանախագահներից Հարություն Առաքելյանը ասաց, թե ՀՌԱԿ-ի իր կառույցներով սոսկ օգնում է Ռուսաստանի հայերի միությանը Հայաստանում իրականացնել բարեգործական ծրագրեր:

«Սա է մեր եւ Արա Աբրահամյանի ղեկավարած կառույցի կապը», - ասաց Առաքելյանը: - «Ոչ մի ֆինանսական կապ գոյություն չունի»:

ՀՌԱԿ արտահերթ համագումարն աշնանը շարունակվելու է՝ առաջիկա տարիների կուսակցության կուրսի բանաձեւը հաստատելու համար:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG