Մատչելիության հղումներ

Վերաքվեարկությունը անփոփոխ թողեց ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը


Անցած կիրակի Երեւանի թիվ 16 ընտրատարածքում կայացած վերաքվեարկության նախնական արդյունքներով, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վլադիմիր Բադալյանը պահպանեց իր տեղը Ազգային ժողովում:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով, Բադալյանը համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ղեկավարներից Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի նկատմամբ: Ընտրողների շատ ցածր մասնակցության պայմաններում Բադալյանի օգտին տրվել է ավելի քան 5400 քվե, իսկ Քոչարյանի՝ շուրջ 1870: Վերաքվեարկությանը մասնակցել է ընտրատարածքի ընտրողների շուրջ մեկ հինգերորդ մասը:

Շավարշ Քոչարյանի խոսքերով, նման արդյունքը պայմանավորել են մրցակցի կողմից «գնված ձայները» եւ ընտրողների ցածր ակտիվությունը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը, սակայն, չասաց՝ վիճարկելո՞ւ է կրկին ընտրության արդյունքները, թե՞ ոչ:

Վլադիմիր Բադալյանը, մինչդեռ, պնդում է, թե իր հաղթանակը արդար է ու օրինական:

Այս ընտրատարածքում մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր էին ճանաչվել Սահմանադրական դատարանի կողմից, ուր հայցով դիմել էր Շավարշ Քոչարյանը:

Այս վերաքվեարկությունը որեւէ կերպ չի փոխի ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում. Բադալյանը պահպանեց իր մանդատը, իսկ Քոչարյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Արդարություն» դաշինքի ցուցակով: 131 պատգամավորական աթոռներից 40-ը զբացեղնում են հանրապետականները, 16-ը՝ «Արդարություն» դաշինքը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG