Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կառավարությունը կանգնած է կառուցվածքային նոր փոփոխությունների շեմին», - գրում է այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը: - «Ակնկալվող փոփոխության ամբողջ բովանդակությունն ուժային կառույցներից մեկի՝ ոստիկանության ենթակայության խնդիրն է... Սա կլինի ոչ թե մեր պատկերացրած ոստիկանությունը, այլ կունենա գործունեության շատ ավելի լայն դաշտ: Ըստ էության, սա կլինի ոստիկանության եւ տարածքային կառավարման նախարարության միավորումը: Ստեղծվի մի սուպերնախարարություն, որի ղեկավարը կունենա, թերեւս, ավելի մեծ ազդեցություն, քան վարչապետը: Ընդ որում, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ նոր սուպերնախարարը լինելու է տարածքային կառավարման ներկայիս նախարար Հովիկ Աբրահամյանը»: «Սույն նախարարի անունը մշտապես հիշատակվում է Հանրապետական կուսակցության ներսում առկա հակասությունների ենթատեքստում», - նույն լուրերի կապակցությամբ գրում է «Իրավունք» թերթը: - «Ե'վ Տեր-Պետրոսյանի, ե'ւ Քոչարյանի օրոք մշտապես ջրի երես մնացող այդ պաշտոնյան սկսել է հերթական սեպարատ խաղը՝ նպատակ ունենալով ցանկացած գնով պահպանել եւ ամրապնդել սեփական դիրքերը: Եթե այդ խաղը հաջողվի, ապա մի կողմից հերթական անգամ «սառույցին կգրվեն» ոստիկանատեր դառնալու վերաբերյալ ՀՅԴ-ի հույսերը (ինչը ակնհայտորեն ձեռնտու է Սերժ Սարգսյանին), եւ մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանը զինյալ կառույցներ կունենա ոչ միայն հարազատ Արտաշատում»:

«Իրավունք»-ում անդրադառնալով վերջերս մամուլում բավականին արծարծված քրեական իրավիճակին, Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանը ախտորոշում է. - «Անակնկալ ոչինչ չկա. քրեածին տարրը, որն ընտրություններում լուրջ ծառայություններ է մատուցել, այսօր պահանջատիրոջ իրավունքով հայց է ներկայացնում: Պարզապես տեղի է ունենում տնտեսության վերաբաշխում»: Նույն թերթում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը նշում է. - «Ներկա իրավիճակի ակունքը քանդուքարափ եղած ներքին գործերի համակարգն է, որից էլ գալիս է հանցագործ կլանների անպատժելիությունը... Երբ տեսնում ես երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը, ուր հիմք է դրվում վենդետան հերոսների ընտանիքների հանդեպ, հասկանում ես, որ դա հղի է անցանկալի հետեւանքներով ամբողջ երկրի, հասարակության համար: Եվ ցավալին այն է, որ պետության մեջ, որը քոնն է, եւ որի համար արյուն ես թափել, անպաշտպան ես... Մեր արժանապատվության նկատմամբ նրանց ոտնձգությունը հաստատ անպատժելի չի մնա, եթե իհարկե պետությունն ինքը միջոցներ չձեռնարկի», - նախազգուշացնում է Գեւորգյանը:

«Խնդրում եմ հարուստ հայերին՝ մի' խառնվեք քաղաքականությանը», - «Հայոց Աշխարհ» թերթում հորդորում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։ - «Մի' խառնվեք, որովհետեւ քաղաքականությունը դրանից չի շահում, իսկ երկիրն էապես տուժում է... Նաեւ կոչ կանեի հանրապետության ղեկավարությանը՝ ավելի ուշադիր եւ նրբանկատ լինել Հայաստանի քաղաքական ուժերի նկատմամբ։ Այդ ուշադրութունը չեմ տեսնում։ Եւ հակառակը, թվում է, թե իշխանություններն ավելի նուրբ եւ զգայուն են գործարար աշխարհի նկատմամբ։ Ու կարծես ստեղծեցին բոլոր պայմանները նրանց քաղաքականացման համար։ Այնինչ պետությունը պետք է գործեր հակառակ ուղղությամբ։ Պետությունը պետք է չթողնե՛ր, չթույլատրե՛ր բիզնես-շերտերի քաղաքականացումը»: «Հայոց Աշխարհ»-ում շարադրված նախկին վարչապետի պարզաբանումներով՝ որոշակի տնտեսական շահ ունեցող կոնկրետ խմբավորումների ներկայացուցիչներն առաջին հերթին շահագրգռված են իրենց կորպորատիվ շահերը պաշտպանելով. - «Եւ միայն երկրորդ հերթին հակված են ժողովրդին, երկրին անհրաժեշտ որոշումներ ընդունելուն։ Իսկ եթե այդ որոշումները հակասում են իրենց կորպորատիվ շահերին, ապա չեն ընդունի»։

«Առավոտ»-ը, հետեւելով նախագահական ընտրությունների ժամանակ վարչական կալանքի ենթարկված՝ ընդդիմության ակտիվիստների դատավճիռները վերանայելու հետագա ջանքերին, եզրահանգում է. - «Փորձելով Հայաստանում վերականգնել իրենց խախտված իրավունքները, ընդդիմության ձերբակալված ակտիվիստները դեմ են առել փակուղու»: Արդարադատության համակարգի բազմաթիվ դռներ բախելը անակնկալ հետեւանքներ էր ունեցել: «Մարդը դիմել է, թե վերանայեք կայացված որոշումը վարչական տույժ կիրառելու մասին, բայց ամիսներ շարունակ նրան մերժել են, թե բողոքարկման ժամկետն անցել է՝ հնարավոր չէ: Բայց հանկարծ մի օր պարզվում է, թե այնուամենայնիվ որոշումը վերանայել են՝ առանց քաղաքացուն տեղյակ պահելու, եւ կայացրել 2 հազար դրամ տուգանելու որոշում: Եվ ամիսներ անց էլ եկել ու հարկադիր կատարողների միջոցով բռնագանձել են այդ գումարը: Փաստորեն ստացվում է, որ եթե սուս մնար, չբողոքեր՝ կես տարի անց նորից 2 հազար դրամ չէր տա», - «Առավոտ»-ի թղթակցին փոխանցել է Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթի պատկերմամբ, հեռուստահաճախականությունների մրցույթները այլեւս նմանվել են ամուսնության շատ սովորական առաջարկության. «մեծ-մեծ ծրագրեր, միլիոնավոր դոլարների ներդրումային խոստումներ, ու դրանից հետո՝ հաղթանակին հաջորդող նույն տաղտուկ եւ անորակ հաղորդումները»։ «Այլեւս ժամանական է մեծամեծ խոստումներ լսելուց, գեղեցիկ ծրագրերի մասին զեկույցներ ունկնդրելուց հետո նաեւ անդրադառնալ, թե որքանով են կատարվում այդ խոստումները», - ընդգծում է «Երկիր»-ը: - «Ի վերջո, սա էլ խորհրդարանական ընտրությունները չեն, որ բազում մեծ խոստումներից հետո դրանցից հրաժարումը հանգեցնի լոկ բարոյական պատիժների։ Այս պարագայում այլեւս կարելի է գործի դնել իրավական մեխանիզմներ»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG