Մատչելիության հղումներ

Նախագահ Շիրակը պնդում է, որ ղարաբաղյան բանակցությունները վերսկսվեն 2003-ին


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման` դադար առած բանակցությունները վերսկսվեն մինչեւ 2003 թվականի ավարտը:

Ֆրանսիայի նախագահի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին, որ Ղարաբաղյան խնդիրը կենտրոնական է եղել նախագահների հանդիպման ժամանակ, որի ընթացքում Ժակ Շիրակը հավաստիացրել է, որ Ֆրանսիան, ինչպես նաեւ մյուս երկու միջազգային միջնորդները՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, պատրաստ են օգնել հակամարտ կողմերին «վերսկսել երկխոսությունը»:

«Նախագահ Շիրակը պնդել է, որ երկխոսությունը սկսվի մինչեւ 2003-ի ավարտը», - ասել է Ֆրանսիայի նախագահի լրատվական ծառայության ներկայացուցիչը: - «Մենք ուզում ենք լավ հարաբերություններ պահպանել երկու կողմերի հետ՝ նրանց օգնելու նպատակով: Ղարաբաղյան բանակցությունները ներկայումս քնած վիճակում են, ինչը չի կարող բավարարել մեզ»:

Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համանախագահում են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում, որը մի քանի տարի շարունակ հանդես է գալիս որպես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդ: Դժվարությամբ ընթացող գործընթացը կանգ առավ անցած տարեվերջին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ: Երկկողմ լուրջ զիջումների վրա հիմնված խաղաղ համաձայնության գալը քիչ հավանական էր նախընտրական շրջանում:

Ժակ Շիրակի հետ հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասել է, թե հույս ունի, որ Ղարաբաղյան բանակցությունները կվերսկսվեն հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Քաղաքական անորոշությունն էլ ավելի է խորացնում Ադրբեջանի 80-ամյա նախագահի առողջական վիճակը: Դեռեւս հայտնի չէ, թե կկարողանա արդյոք Հեյդար Ալիեւը երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին: Իսկ Ալիեւի՝ պաշտոնից վաղաժամ հեռանալը կարող է Ադրբեջանում հանգեցնել սուր ներքաղաքական պայքարի ու ապակայունացնել իրավիճակը:

Քոչարյանը աշխատանքային այցով Փարիզ է ժամանել երեքշաբթի օրը: Ծրագրված են Հայաստանի նախագահի հանդիպումները Ֆրանսիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այսօրվա հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդել է նախագահ Շիրակի լրատվական ծառայությունը, քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ իրադրությունը Հարավային Կովկասում, Իրանում եւ Իրաքում: Մանրամասներ չեն հաղորդվում:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG