Մատչելիության հղումներ

«Ա1+»-ն կրկին փորձում է եթեր վերադառնալ


Ացնած տարվա ապրիլին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ իր կապուղուց զրկված «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը կրկին մասնակցում է կապուղիների մրցույթի: «Ա1+»-ը անցած ամիս անցկացված մրցույթում պարտվել էր «Արմենիա» հեռուստաընկերությանը:

Երկուշաբթի օրը Հեռուստառադիոյի ազգային ժողովի նիստում բացվեցին Երեւանի 5 կապուղիներու համար ներկայացված 7 հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները:

Այս մրցույթը նախապես ծրագրված էր անցկացնել դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, բայց իրար հետեւած մի շարք դատական գործընթացների պատճառով ձգձգվեց ցայսօր:

Մրցույթին մասնակցող «Արմենակոբ», «Դար 21», «Երեւան», «TV-5», «Ա1+», «Նոյյան Տապան» եւ CNN –ը վերահեռարձակող հեռուսատընկերությունները հանձնաժողովի անդամներին ներկայացնում էին առաջիկա հինգ տարիների համար նախատեսած ծրագրերը, հաղորդումների ցանկը եւ ֆինանսական ներդրումները:

«Մելտեքս» ընկերությունը, որի կազմի մեջ է մտնում «Ա1+»-ը, մասնակցում է երեք կապուղիների (որոնցով ներկայումս հեռարձակվում են «Երեւան», «Արմենակոբ» եւ «TV-5» հեռուստաընկերությունները ) մրցույթին:

Անցյալ տարվա ապրիլյան մրցույթից հետո, երբ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները նախագահական ընտրարշավը սկսվելուց մի քանի ամիս առաջ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ զրկվեցին իրենց կապուղիներից, միջազգային մի շարք կազմակերպություններ, Արեւմուտքի երկրներ՝ այդ թվում Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Եվրախորհուրդը քննադատաբար արձագանքեցին դրան եւ Հայաստանի իշխանություններին կոչ արեցին դիտարկել այդ հեռուստաընկերությունների՝ եթեր վերադառնալու հարցը:

Անցած ամռանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Երեւանում հայտարարել էր. - «Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ ջանքեր են գործադրում խնդրին լուծում գտնելու համար: Մենք էլ առաջարկել ենք անհրաժեշտ իրավական փորձագիտական աջակցություն ցույց տալ՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար»:

Հայաստանի իշխանությունները առայժմ իրենց հավաստացումներին հավատարիմ են մնում՝ պարբերաբար մրցույթներ անցկացնելով: Այս անգամ, սակայն, «Ա1+»-ի հնարավորությունները բարձր են գնահատում ինչպես տեղական դիտորդները, այնպես էլ հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:

«Մենք հաղթելու լավ հնարավորություններ ունենք», - երեկ լրագրողներին ասել էր նա:

Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG