Մատչելիության հղումներ

Դաշնակցության ներկայացուցիչները ուշացած են գալիս ՀՀԿ-ի համագումարին


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության՝ շաբաթ օրը կայացած հերթական 8-րդ համագումարին ՀՀԿ-ի հետ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա կազմած Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները եկան զգալի ուշացումով:

Համագումարի պատգամավորները արդեն հաստատել էր օրակարգը, լսել բոլոր ողջույնի խոսքերը՝ այդ թվում կոալիցիոն երրորդ դաշնակցի՝ «Օրինաց երկիր» կուսակցության ողջույնը, եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը արդեն ընթերցում էր հաշվետու զեկուցումը, երբ դահլիճում երեւացին Դաշնակցության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ կրթության ու գիտության նախկին նախարար, պատգամավոր Լեւոն Մկրտչյանը:

Թեեւ վերջիններիս գալը հերքեց ենթադրությունները, թե նախորդ օրը կայացած կոալիցիայի խորհրդի նիստում ինչ-ինչ հակասություններ են ի հայտ եկել եւ պատճառ դարձել, որ ՀՅԴ-ն ներկայացուցիչներ չուղարկի ՀՀԿ-ի համագումարին, այդուհանդերձ դրանց լրարժեք փարատմանը խանգարեց այն, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լքեցին դահլիճը այն պահին, երբ ուշացած ողջույնի խոսք ասելու համար ամբիոնին էր մոտենում Արմեն Ռուստամյանը:

Համագումարի ընդմիջմանը Լեւոն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենց ուշանալը պայմանավորված էր ընդամենը կոալիցիայի խորհրդի երեկվա նիստի վերաբերյալ մամուլի հաղորդագրույթունը պատրաստելով: Իսկ Անդրանիկ Մարգարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, կտրականապես հերքեց, թե կոալիցիան «ճաքեր է տալիս»:

Հաշվետու զեկուցման մեջ անդրադառնալով անցած ընտրություններում իր ղեկավարած կուսակցության հաջողություններին, վարչապետը չհիշատակեց անգամ միջազգային քննադատական գնահատականները: Եվ թեեւ ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը գնահատեց «մտահոգիչ», դրանում մեղադրեց ընդդիմությանը, որը «չկարողացավ հանդուրժող լինել», «վեր կանգնել կուսակցական կամ անձնական շահերից»:

Ուշագրավ էր հաշվետու զեկուցման այն հատվածը, որ վերաբերում էր Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններից Մարդու իրավունքների համաեվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության ընդունմանը, այսինքն՝ մահապատժի վերացմանը:

Նախորդ խորհրդարանը, ուր հանրապետականները նույնպես մեծամասնություն էին կազմում, գարնանը ընդունել էր նոր Քրեական օրենսգիրքը, որով ամենածանր պատիժը ցմահ բանտարկությունն է: Սակայն, խորհրդարանը ընդունվել էր նաեւ այդ օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը, որով սողանք էր թողնված «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին մահապատժի ենթարկելու համար՝ եթե դատարանը նման որոշում ընդուներ:

Ասելով, թե երկարատեւ բանակցություններ են վարվել Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ հարցը հետաձգվի, «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալները ամենածանր պատիժը ստանան, վարչապետը, սակայն, փաստարկեց, թե «յուրաքանչյուր բանակցություն, մոտեցում իր սահմանն ու ժամկետը ունի»:

«Մենք գտնում ենք, որ բանակցությունների լիմիտը սպառված է: Մենք կանգնած ենք ծանր երկընտրանքի առջեւ», - ասաց նա՝ ավելացնելով, թե հանրապետականները կողմ են մահապատժի վերացմանը:

Պատասխանելով քրեական լարված իրավիճակին վերաբերող հարցին, Անդրանիկ Մարգարյանը կտրականապես հերքեց, թե դա պայմանավորված է նրանով, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշակի ծառայություններ են մատուցել իշխանություններին անցած ընտրությունների ընթացքում եւ դա պատճառը, որ այժմ իրենց անպատիժ են զգում:

«Ցանկացած պետություն եթե քրեական տարրերի վրա հենվի, ուրեմն այդ պետության վերջը եկել է», - ասաց վարչապետը: - «Ես չեմ գտնում, որ Հանրապետական կուսակցությունը, մյուս կուսակցությունները կամ հանրապետության նախագահը այնքան թույլ են, որ իրենց խնդիրները քրեական տարրերի միջոցով պետք է լուծեն: Ես դա բացառում եմ»:

Համագումարի աշխատանքներն ավարտվեցին կուսակցության ղեկավարության ընտրություններով: ՀՀԿ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արդրանիկ Մարգարյանը, փոխնախագահի՝ Տիգրան Թորոսյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG