Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը վերահաստատում է «ապօրինի ռեժիմին հեռացնելու» իր վճռականությունը


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ անդրադառնալով երկրի վերջին շրջանի գործընթացներին, կրկին խիստ քննադատություն է հնչեցնում Հայաստանի իշխանությունների հասցեին՝ վերահաստատելով «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու» իր վճռականությունը:

Դաշինքի խորհրդի նիստում ընդունված հայտարարության հեղինակները անդրադառնում են երկրում անցած «խայտառակ» համապետական ընտրություններին, «դատական-իրավական համակարգի կոռումպացվածությանը», հատկապես վերջին ամիսներին սրված քրեական իրավիճակին, հասարակության սոցիալական բեւեռացման խորացմանը, հասարակական հնչեղություն ունեցող այլ հարցերի:

«Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Սահմանադրությունը բազմիցս խախտած Ռոբերտ Քոչարյանը նախագահական խայտառակ ընտրություններով բռնազավթեց իշխանությունը», - ասված է հայտարարության մեջ: - «Այլեւս ակնհայտ է, որ հետընտրական գործընթացները խիստ անբարենպաստ հետեւանքներ են հարուցել մեր պետության ու ժողովրդի համար»:

Այդ հետեւանքները, հեղինակների կարծիքով, ընդգրկում են Հայաստանի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելը («օրակարգում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության մանդատը չվավերացնելու եւ մեր պետության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը), «քրեածին կապիտալի հետ սերտաճած կոռումպացված ռեժիմի» կողմից իրավիճակը չվերահսկելը, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների օտարման եւ ընդհանրապես «սխալ տնտեսական քաղականության հետեւանքով շարունակվող արտագաղթը:

«Արդարություն» դաշինքը ելքը տեսնում է երկրում «օր առաջ օրինական իշխանություններ ձեւավորելու մեջ» եւ այս նպատակով ապավինում է հասարակության աջակցությանը՝ «ընդունելի համարելով պայքարի թե' խորհդարանական եւ թե' արտախորհրդարանական միջոցները»։

Հայտարարության առիթով հրավիրված ասուլիսում «Արդարություն» դաշինքի ղեկավարներից պատգամավոր Շավարշ Քոչարյանը կրկին ասաց, որ դաշինքը ի սկզբանե հույս չուներ, թե Սահմանադրական դատարանը կարող էր բավարարել խորհրդանական ընտրությունները անվավեր ճանաչելու իրենց հայցը, բայց դիմել չէին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու «ճանապարհը չփակելու համար»:

«Եվ հիմա ամենայն լրջությամբ քննարկվում է մասնագետների հետ դիմումի էությունը, բովանդակությունը, դիմելու հանգամանքը», - ավելացրեց Շավարշ Քոչարյանը:

«Արդարություն» դաշինքը պայքարի այլ մեթոդների նույնպես դիմելու է:
«Միայն 16 պատգամավորով խորհրդարանի ներսում առանց հասարակության աջակցության այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում ենք, իսկ խնդիրը Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորումն է, չենք կարող լուծել», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Խորհրդարանում, ինչպես տեղեկացվեց, դաշինքի պատգամավորները առաջին հերթին ներկայացնելու են երկու օրենագիծ՝ Ընտրական օրենքսգրքում եւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Վերջին օրենքի փոփոխությունը նպատակ ունի իրականացնել նախագահի վստահության հանրաքվե:

Ասուլիսում խոսվեց նաեւ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության «անհիմն» պատճառաբանություններով ձգձգման, անցած տարեվերջին սպանված Հանրային հեռւստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի գործով ձերբակալված նախկին երկու վարչապետերի՝ Վազգեն եւ Արամ Սարգսյանների եղբորը՝ Արմեն Սարգսյանին «շինծու» մեղադրանքներով կալանելու մասին:


Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG