Մատչելիության հղումներ

Արդարադատության փոխնախարարը ԿԸՀ-ի շահերը պաշտպանում է «հասարակական հիմունքներով»


Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող «Արդարություն» դաշինքի հայցի քննությանը Սահմանադրական դատարանում պատասխանող կողմի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շահերը ներկայացնող արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ դա անում է զուտ որպես իրավաբան՝ իր աշխատանքային պարտականություններից դուրս:

Մուկուչյանը, որ Սահմանադրական դատարաում ԿԸՀ-ի շահերը ներկայացնում էր նաեւ նախագահական ընտրությունները վիճարկող Ստեփան Դեմիրճյանի հայցի քննության ժամանակ, ուրբաթ օրը ժխտական պատասխան տվեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ կառավարությունը Սահմանադրական դատարանում պաշտպանում է թեեւ պետական բյուջեից ֆինանսավորվող, այդուհանդերձ անկախ համարվող ԿԸՀ-ի շահերը:

«Ոչ, չի նշանակում», - ասաց Մուկուչյանը: - «Այս օրերին, երբ ես հանդես եմ գալիս դատարանում, նաեւ գտնվում եմ արձակուրդի մեջ»:

Շարունակելով՝ փոխնախարարը փաստարկեց. - «Համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության, ես ինքս եմ որոշում, թե ինչպես պետք է օգտագործեմ իմ արձակուրդը»:

Նա նաեւ ավելացրեց, որ այդ աշխատանքի համար չի վարձատրվում. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է որպես ներկայացուցիչ հանդես գալու հարցով, ես չեմ մերժել: Վճարում չի կատարվում: Այո, [աշխատում եմ] հասարակական կարգով, որպես իրավաբան»:

Դիմող կողմը չի կարող իրավական առարկություններ ներկայացնել՝ պահանջելով, որ Սահմանադրական դատարանը արգելի արդարադատության փոխնախարարին պաշտպանել ԿԸՀ-ի շահերը: Այդուհանդերձ, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դրա հետեւյալ մեկնակաբանություն-բացատրությունը տվեց. - «Նախագահական ընտրությունների ընտրակեղծիքների ողջ մեխանիզմը պլանավորված է եղել արդարադատության նախարարությունում: Այս անգամ, ունենալով նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման դատական փորձը, արդարադատության նախարարության այն ներկայացուցիչը, որը հիմա հանդես է գալիս որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ, ամբողջ [խորհրդարանական ընտրությունների] ընթացքում ԿԸՀ-ում էր, այսինքն՝ անձամբ վերահսկում էր ընտրական կեղծիքների, խախտումների ընթացքը»:

Իսկ դատական այսօրվա նիստում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները, ովքեր նախորդ նիստերում արդեն ներկայացրել են իրենց դիմումի մանրամասն շարադրանքը, հիմնավորումները, արձանագրած փաստերը, պատասխանեցին դատաքննության մասնակիցների հարցերին: Այնուհետեւ իր բացատրություններով հանդես եկավ պատասխանող կողմը՝ բնականաբար, կետ առ կետ մերժվելով հակառակ կողմի բոլոր փաստարկները ու դատողությունները՝ դրանք որակելով «անհիմն»:

Այդ կապակցությամբ Արտակ Զեյնալյանը «Ազատություն» ռադիոկայանին նիստից հետո ասաց. - «Մենք վիճարկում ենք իրավական ակտ, իսկ այդ ակտի ընդունման հանգամանքների ապացուցման պարտականությունը օրենքով դրված է դրա ընդունողի վրա: Այդ նրա'նք պետք է ապացուցեն, որ ընտրություններն արդար են անցել»:

Սահմանադրական դատարանի հաջորդ նիստը կկայանա կիրակի օրը, քանի որ վաղը Հայաստանում տոն է՝ Սահմանադրության օրը: Որոշումը այս գործով Սահմանադրական դատարանը պարտավոր է կայացնել հայցն ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ հուլիսի 7-ից ոչ ուշ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG