Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Վրաստան - Ռուսաստան երկաթուղային կապի հնարավոր վերաբացումը


Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը վերահաստատել է Հայաստանի խիստ շահագրգռությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ, ինչի հնարավորությունները ներկայումս քննարկում են այդ երկու երկրները:

Երկաթգիծը, որ անցնում է Աբխազիայի տարածքով, չի գործում 1992 թվականից, երբ սկսվեց աբխազական անջատողական պատերազմը: Երկաթգծի վերաբացումը կվերականգնի Հայաստանի երկաթուղային կապը արտաքին աշխարհի հետ եւ մեծապես կխթանի տնտեսության զարգացումը: Անցած ապրիլին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները սկզբունքորեն համաձայնել են վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը:

«Հայաստանը հետաքրքրված է Սոչիի պայմանավորվածությունների իրականացմամբ», - Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի հետ հանդիպումից հետո, ինչպես հաղորդվում է, ասել է Քոչարյանը:

«Վրաստանի երկաթգծի աբխազական ճյուղի վերականգնումը շատ կարեւոր նշանակություն կունենա Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ Կովկասի համար», - համաձայնել է Շեւարդնաձեն:

Երկաթուղու աբխազական հատվածի ծրագրված վերականգնման մանրամասները քննարկող վրաց-ռուսական բանակցությունները ընթացքի մեջ են: Սոչիի համաձայնություններից հետո երկու կառավարությունների ներկայացուցիչներից կազմավորվել է հատուկ աշխատանքային խումբ: Վրաստանի տրանսպորտի փոխնարարարը, Իտառ-Տասս գործակալության հաղորդմամբ, ասել է, թե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հայտնի կլինեն վերականգնման աշխատանքներն իրականացնելիք մասնագետների անունները:

Առաջընթացն այս հարցում հնարավոր դարձավ միայն Վրաստանի դիրքորոշման մեղմացման արդյունքում: Շեւարդնաձեի վարչակազմը մինչ այդ երկաթգծի վերաբացումը պայմանավորում էր աբխազական հակամարտության լուծմամբ: Այժմ Վրաստանը պահանջում է միայն պատերազմի ընթացքում Աբխազիայից հեռացած տասնյակ հազարավոր վրացիների վերադարձը:

Սոչիի համաձայնությունը ենթադրում է, որ երկաթուղին կբացվի տեղահանված անձանց վերադարձի հետ միաժամանակ: Սա մեկ անգամ եւս ընդգծեց Շեւարդնաձեն Քոչարյանի հետ հանդիպումից հետո:

Հաղորդվում է նաեւ, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-վրացական տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր եւ համաձայնագրեր են ստորագրել մշակույթի, կրթության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդելու մասին:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG