Մատչելիության հղումներ

Կարեն Դեմիրճյանի այրին «աններելի» է համարում ամուսնու հիշատակն անտեսելը


1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված Կարեն Դեմիրճյանի այրին վիրավորված է, որ նորընտիր խորհրդարանն իր առաջին նիստում չհարգեց նախորդ խորհրդարանի խոսնակի՝ իր ամուսնու, վարչապետ Վազգեն Սարգսյանի, մյուս զոհվածների հիշատակը:

Ազգային ժողովի 3-րդ հարկի միջանցքում Հայաստանի բոլոր ժամանակների խորհրդարանների նախագահների սրահի բացման արարողությանը մասնակցելուց հետո, ուր նա հրաժարվեց ելույթ ունենալու առաջարկությունից, Ռիմա Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասաց. - «Ես եկել էի պարզապես ծաղիկ դնելու[Հոկտեմբերի 27-ի զոհերի] հուշաքարին... Նստաշրջանը սկսվեց, ոչ ոք չհիշեց զոհերի մասին: Առաջին նիստի ժամանակ նրանք պարտավոր էին ոտքի կանգնել եւ հարգել հիշատակը»:

«Այսօր էլ», - շարունակեց տիկին Դեմիրճյանը, - «նրանք պարտավոր էին հիշել, որ այդ պատկերվածներից մեկը զոհվել է... Ես դրա համար էի եկել: Ինձ անակնկալի բերեցին՝ ժապավենը կտրել տվեցին»:

Կարեն Դեմիրճյանի այրին իրեն վիրավորված է զգում: «Սա ներելու բան չէ», - վրդովված ասաց նա: - «Ես չեն կարծում, որ երկրի ղեկավարությունը դեմ լիներ նման արարողությանը... Սա պարզապես ստրկամտություն եւ վախկոտություն է: Ես չեմ կարծում, որ նրանք չեն հարգում Կարեն Սերոբիչի եւ մյուս զոհվածների հիշատակը»:

Նախագահների սրահում, ուր պատին փակցված են Հայաստանի առաջին հանրապետությունից մինչեւ այսօր խորհրդարանի խոսնակների լուսանկարները՝ սկսած 1918 թվականի առաջին պառլամենտի նախագահ Ավետիք Սահակյանից, այսօր ներկա էին խորհրդային Գերագույն խորհրդի վերջին նախագահ Հրանտ Ոսկանյանը, արդեն երրորդ հանրապետության Ազգային ժողովի նախագահներից Խոսրով Հարությունյանը, Արմեն Խաչատրյանը եւ ներկայիս խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Բաբկեն Արարքցյանը չէին եկել:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, ի պատասպան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, հրաժարվեց մեկնաբանել Տեր-Պետրոսյանի բացակայությունը:

Սրահի բացման արարողությունը, ըստ էության, սահմանափակվեց ժապավենը կտրելով ու հակիրճ ելույթներով, որոնցում կարեւորվեցին «պետական ավանդույթների ձեւավորման անհրաժեշտությունը» (Խոսրով Հարությունյան), «պետության եւ պետականության շարունակականության սկզբունքի կարեւորությունը» (Արմեն Խաչատրյան): Վերջինս Ազգային ժողովի խոսնակի խորհրդանշական մուրճիկը հանձնեց Արթուր Բաղդասարյանին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG