Մատչելիության հղումներ

Անկախ մոնիտորինգի արդյունքներով, ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը գերազանցել են քարոզչական ծախսերը


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի՝ Տարածաշրջանային զարգացման կենտրոնի անցկացրած մոնիտորինգի արդյունքներով, անցած խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Օրինաց երկիր»-ը զգալիորեն գերազանցել են նախընտրական քարոզչության շրջանում օրենքով սահմանված ծախսերը: Սահմանը, թեեւ փոքր չափով, գերազանցել է նաեւ Դաշնակցությունը:

Պաշտոնական տվյալներով, սակայն, որոնք հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որեւէ կուսակցություն չի գերազանցել օրենքով սահմանված առավելագույն չափը:

Կուսակցությունների համար նախընտրական ծախսերի առավելագույնը սահմանված է 60 միլիոն դրամ: Ըստ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության, նախընտրական հիմնադրամներում միայն երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ն են մոտ 60 մլն դրամի մուտք ներկայացրել, այն էլ՝ ամբողջությամբ չեն ծախսել:

Մոնիտորինգի ընթացքում Տարածաշրջանային զարգացման կենտրոնի աշխատանքային խումբը դիմել է բոլոր կուսակցություններին ու դաշինքներին՝ անհրաժեշտ տվյալներ տրամադրելու խնդրանքով, բայց ընտրություններին մասնակցած 21 քաղաքական ուժերից միայն 11-ն են համագործակցել: Խումբը համագործակցության առաջարկ է ներկայացրել նաեւ իրենց եթերում եւ էջերում քաղաքական գովազդ տեղադրած զանգվածային լրատվամիջոցներին, սակայն 7 հեռուսատընկերություններից միայն 2-ը, 10 թերթերից 8-ը եւ Հանրային ռադիոն են արձագանքել:

Այս պայմաններում մոնիտորինգի տվյալներն, անշուշտ, ճշգրիտ լինել չեն կարող: Աշխատանքային խմբի անդամ Արեւիկ Սարիբեկյանի խոսքերով, իրենք օգտագործել են այն տվյալները, որոնք կարողացել են հայթայթել «դժվարությամբ»:

Աշխատանքային խումբը փորձել է պարզել նաեւ, թե կուսակցությունները ուրիշ ինչ քարոզչական նյութեր են օգտագործել եւ ինչ գումարներ են ծախսել, ասենք, գրիչներ, վերնաշապիկներ, գրքույկներ պատվիրելու համար: Արեւիկ Սարիբեկյանի փոխանցմամբ, իրենք չեն բացառում, որ «որոշ կուսակցությունների համար արվել են զեղջեր», եւ անգամ՝ որոշ ծառայություններ մատուցվել են անվճար:

Օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, «Օրինաց երկիր»-ը կուսակցությունը շուրջ 30 հազար վերնաշապիկ է բաժանել քարոզարշավի ընթացքում: Աշխատանքային խումբը, սակայն, չի կարողացել պարզել ոչ վերնաշապիկների ստույգ քանակը եւ ոչ էլ դրանց պատրաստման վրա ծախսված գումարը: Կուսակցության ներկայացուցիչները ասել են, թե վերնաշապիկները պատրաստվել են իրենց տեղական կառույցների նախաձեռնությամբ եւ կուսակցությունը չի վճարել իր ֆոնդից:

Չի հաջողվել պարզել նաեւ համերգային ու տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման ծախսերը: Օրինակ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնած «Գարուն - Երեւան» միջոցառման ծախսերը, որի ընթացքում մայրաքաղաքի օղակաձեւ զբոսայգում կայացել է համերգ, փողային նվագախմբի եւ հեծելազորի շքերթ, կրկեսային ծրագիր, փորձագետները գնահատել են շուրջ 7 հազար դոլար:

Քարոզարշավի ընթացքում որոշ կուսակցություններ նաեւ բարեգործությամբ են զբաղվել՝ համակարգիչներ, ջրաչափեր, գյուղմթերքներ են բաժանել ընտրողներին: Այդ ծախսերը, բնականաբար, չեն արտահայտվել նրանց հաշվետվություններում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG