Մատչելիության հղումներ

Դատախազությունը դեռ հիմքեր չունի որեւէ մեկին որպես կասկածյալ ներգրավելու


Չորեքշաբթի օրը Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը վարող դատախազի խոսքերով, հետաքննությունը դիտարկում է երեք մարդու կյանք տարած այդ հանցագործության բոլոր վարկածները:

Նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի երկու եղբորորդիներին ու նրանց ընկերոջը տեղափոխող տաքսու վրա երեկ կեսօրին մոտ Նուբարաշենի գերեզմանատան շրջակայքում ավտոմատ հրազենից կրակ էր բացվել: Ուղեւորներին երեքը՝ տաքսու վարորդը (45-֊ամյա Սաշիկ Հակոբյանը), Գեւորգյանի եղբորորդիներից մեկը (22-ամյա Արկադի Գեւորգյանը) եւ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ, 36-ամյա Գարիկ Հարությունյանը սպանվել են: Վիրավորվել է Ռուբեն Գեւորգյանի մյուս եղբորորդին՝ Արտյոմ Գեւորգյանը եւ «Էնեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել վիրահատության:

Սպանությունների առիթով քրեական գործ է հարուցվել Երեւանի Էրեբունի - Նուբարաշեն համայնքի դատախազությունում, քննչական խումբը ղեկավարում է դատախազության ավագ քննիչ Սարգիս Մնացականյանը:

«Գործով ընտրվել են մի քանի վարկածներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դատախազ Միքայել Բադիրյանը՝ ավելացնելով, որ որեւէ մեկին գործում որպես կասկածյալ ներգրավելու համար բավարար հիմքեր դեռ չունեն: - «Մենք հույս ունենք, որ հանցագործությունը անպայման կբացահայտվի»:

«Քննությանը հաջողվել է հայտնաբերել առանձին վկաների, որոնք տարբեր պահերի ականատեսներ են», - շարունակեց Բադիրյանը: - «Անմիջապես հանցագործության ականատես մեզ դեռ չի հաջողվել հայտնաբերել»:

Բադիրյանը չհերքեց, որ քննություն է տարվում նաեւ մամուլում հրապարակված վարկածի ուղղությամբ, ըստ որի սա շարունակությունն է անցած աշնանը Ռուբեն Գեւորգյանի եւ գործարար, նորընտիր խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարման, որի հետեւանքով սպանվել էր մեկ մարդ:

Չորեքշաբթի Նուբարաշենի կրակողներից հետո կրակոցներ են հնչել նաեւ Դավիթաշեն թաղամասում գտնվող «Սպիտակ» խանութի մոտ, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ազգականներից մեկին: Զոհեր չկան: Հարուցված է քրեական գործ, հետաքննությունն ընթացքի մեջ է:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG