Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այլ ժամանակ գուցե ինչ-որ առումով հուսաբեր ու ազդու լիներ այսօր մի քանի թերթերի առաջին էջերում հանդիսավոր տրվող լուրը, որ Երեւանի մի բնակչի բնակարանին կից կառուցված անօրինական շինությունը օրինականացնելու եւ սեփականության վկայական տալու համար հունիսի 24-ին 1200 դոլար կաշառք վերցնելու պահին բռնվել է անշարժ գույքի կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի պետը։ Այսօր, սակայն, սա լրիվ ծածկում, աննշան է դարձնում ավելի հիմնական մի միտում. «Մայրաքաղաքը գնալով նմանվում է 30-ականների Չիկագոյին», - ձեւակերպում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ անդրադառնալով նախորդ օրերին Երեւանում հնչած կրակահերթերին: Կան մի քանի սպանված ու վիրավոր: «Մաֆիաների պատերազմ» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը փոխանցում է, մասնավորապես, հետեւյալը. - «Հունիսի 24-ին, Սովետաշենի աղբավայրի մոտակայքում ավտոմատից արձակված կրակոցների զոհ է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբոր որդին՝ Արկադի Գեւորգյանը: Այլ տեղեկությունների համաձայն, ծանր վիրավորվել է նաեւ վերջինիս եղբայրը: Եւս երկու հոգի վիրավորվել են: Դա խնամքով կազմակերպված թակարդ-դարան է եղել, որի մեջ ներքաշել են Գեւորգյանի եղբորորդիներին... Վերջին արյունոտ դեպքերի մասին պաշտոնական մարմիններն ու աղբյուրները թերեւս ինչ-որ փոխհամաձայնությամբ բացարձակ լռություն են պահպանում: Մինչդեռ, երեկ ողջ քաղաքը խոսում էր, որ նորից ընդհարվել են Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Գեւորգյանի կողմնակիցներն ու ազգականները»: Սրա հետ կապված «Հայոց Աշխարհ»-ում հիշեցվում է. - «Գրեթե նույնանման դեպքեր տեղի էին ունեցել բոլորովին վերջերս՝ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին: Այդ օրը մի խումբ հանցագործներ կրակ էին բացել Ռուբեն Գեւորգյանի առանձնատան հարեւանությամբ հավաքված երիտասարդների վրա, որոնց մեջ էր նաեւ պատգամավորի եղբոր, Արցախյան ազատամարտում զոհված «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանի որդի Արթուր Գեւորգյանը: Այն ժամանակ սպանվել էին վերջինիս երկու ընկերները: Գործի նախաքննությունը վարած քաղաքային դատախազությունը բացահայտել էր, թե ովքեր էին հանցագործությունը կատարել, սակայն նրանց չէր հաջողվել ձերբակալել: Սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ըստ որում՝ հետախուզվողներից մեկը ներկայումս պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ազգականներից է: Միայն այս ամսվա ընթացքում արդեն չորրորդ դեպքն է, երբ կրակոցներ են հնչում ու սպանություններ են կատարվում հենց Երեւանում: Ըստ որում՝ դեպքերից երկուսը կատարվել են օրը ցերեկով: Եւ երկա՞ր է շարունակվելու այս ամենը», - հարցականով է ավարտում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Հայկական ժամանակ» թերթի աղբյուրները եւս պնդում են, որ կատարվածը շարունակությունն է նախորդ տարվա հայտնի միջադեպի, որ տեղի էր ունեցել Ռուբեն Գեւորգյանի եւ ներկայումս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների միջեւ: «Այն ժամանակ իրավապահները որեւէ լուրջ քայլ չձեռնարկեցին, եւ հիմա նրանք լիովին կիսում են տեղի ունեցածի պատասխանատվությունը», - մեկնաբանում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հարուցվել է քրեական գործ, ինչը ամենեւին չի երաշխավորում, որ այս անտեր երկրում, ի վերջո, կարգուկանոն կհաստատվի: Այս երկրում Ռոբերտ Քոչարյանն է որոշում՝ ով իր արածի համար պիտի չպատժվի, իսկ ով պիտի պատժվի՝ իր չարածի համար: Արդյունքում ստացվում է մի վիճակ, երբ խաղաղ երթի մասնակիցները հայտնվում են բանտում, իսկ մարդասպանները մնում են ազատության մեջ, որովհետեւ նրանք դեռ անելիք ունեն. դեռ պետք է Քոչարյանի համար ընտրություն կեղծեն»:

«Այբ-Ֆե» թերթում այսօր «Աշխատում են միասին» վերնագրի տակ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին վերաբերող հետեւյալ լրատվությունն է. - «Վերջերս «Ֆաստ քարտ» քարտոդրոմում Ռոբերտ Սեդրակովիչը եւ Սեդրակ Ռոբերտովիչը ցուցադրեցին քարտինգի ասպարեզում իրենց ունակությունները՝ մեքենա վարելու վարպետությունը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկանում ենք, որ քարտոդրոմը դե յուրե պատկանում է Արամայիս Որսկանյանի Վարդուհի անունով դստերը: Արամայիս Որսկանյանը կառավարական ամառանոցների (ուր ապրում է Ռոբերտ Քոչարյանը) տնօրենն է: Քարտոդրոմի փաստացի տերը, սակայն, Սեդրակ Քոչարյանն է: Որսկանյանի մյուս դուստրն էլ՝ Հռիփսիմեն, ձեւակերպված է որպես «Երկնագույն Սեւան» հանգստյան գոտու հիմնական բաժնետեր: Սակայն իրականում այն պատկանում է Բելլա Քոչարյանին»:

«Հասարակությունն այսօր այնքան հիասթափված է, որ նույնիսկ պայքարելու ցանկությունն է կորցրել», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Դիրքերը ամենասուր պայքարի ձեւերի կողմնակիցներին են մնացել: Սովորական մարդիկ լավագույն լուծումը պարզապես մի կողմ քաշվելը կամ հեռանալն են համարում: Դրա պատճառը ժողովրդավարության բացակայությունն է, այսինքն՝ քաղաքականության մեջ դատավորի դեր կատարող ժողովրդի բացակայությունը»: Վազգեն Մանուկյանի հայացքով, այսօր ընդդիմությանը թույլ չեն տա խաղի մեջ մտնել. - «Երբ գործադիր, օրենսդիր իշխանությունը եւ դրանց աշխատանքի ստուգումը նույն ձեռքում է, դժվար է դրական արդյունքներ ակնկալել: Հիմա էլ կոալիցիա կազմած 3 կուսակցությունների միջեւ խանդ կա, սակայն գարշապարները միասնաբար ծածկելու ցանկությունն ավելի հզոր է»: Այսուհանդերձ, ԱԺՄ նախագահը առջեւում ճգնաժամ է կանխատեսում:

Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության իրավասությունները չճանաչելու առկախված սպառնալիքի հետքերով «Առավոտ» թերթը խմբագրականում ի մի է բերել, թե նախագահական ընտրություններից անմիջապես հետո եվրոպացիները պահանջում էին սխալների ընդունում եւ դրանց ուղղում: «Բայց իշխանությունները նախընտրեցին չդիմել նման ինքնասպան միջոցի՝ գերադասելով այսպես ասած՝ համոզման ու բացատրական մեթոդները, որոնց քողի տակ էլ հաջողացրին նույն խախտումներն անել նաեւ խորհրդարանական ընտրություններում: Ինչով էլ արժանացան եվրոպացիների ցասմանը։ Հիմա արդեն իշխանությունները կարող են մեղա գալ: Բայց սխալներն ուղղելը գործնականում անհնար է։ Այդ դեպքում ստիպված պիտի լինեն նշանակել նախագահական ու խորհրդարանական նոր ընտրություններ։ Մեր ղեկավարների համար ավելի հեշտ է թույլ տալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին մանդատից զրկել, քան իրենց գոյությունը կասկածի տակ դնել», - համոզված է «Առավոտ»-ը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG