Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյանը ընդգրկվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմում


Ինչպես ուրբաթ օրը լրագրողներին փոխանցեց Ազգայի ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ընդգրկվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում:

Ազգային Ժողովի այսօրվա նիստի ավարտին, ուր կառավարության ներկայացրած ծրագիրը համարվեց հավանության արժանացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում անվստահության նախաձեռնություն չեղավ, խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյան լրագրողներին ասաց, թե խորհրդարանում ներկայացված, առանց բացառության, բոլոր ուժերի միջեւ առաջին կարեւոր քաղաքական համաձայնությունը կայացել է, եւ ձեւավորվել են բոլոր միջխորհրդարանական պատվիրակությունները:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը, օրինակ, գլխավորելու է Ազգային Ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Տիգրան Թորոսյանը: Պատվիրակության անդամ են լինելու բոլոր խմբակցությունների, խմբերի, անկախ պատգամավորների ներկայացուցիչներ: «Արդարություն»-ից, Բաղդասարյանի փոխանցմամբ, լինելու է Ստեփան Դեմիրճյանը:

«Արդարություն» դաշինքը մինչեւ այժմ խուսափել է խորհրդարանի ղեկավարության, մշտական հանձնաժողովների, խորհրդարանական այլ մարմինների կազմավորման ուղղությամբ իշխանությունների հետ որեւէ համագործակցությունից:

Եվրախորհրդի խորհրդարանակն վեհաժողովում Հայաստանն ունի չորս տեղ: Դեմիրճյանից ու Թորոսյանից բացի, Ստրասբուրգում երկիրը կներկայացնեն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (Դաշնակցություն) եւ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին կարող են մասնակցել եւս չորս հայաստանցի պատգամավոր՝ առանց քվեարկության իրավունքի:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG