Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսվեցին ՆԱՏՕ-ի՝ «Լավագույն համատեղ ջանք -2003» զորավարժությունները


Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուր խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժությունների հանդիսավոր բացումը: Զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 8 եւ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի մասնակից 11 երկրների մոտ 400 զինվորական, կտեւեն մինչեւ հունիսի 27-ը:

Այսպիսի զորավարժություններ անցած տարի անցկացվել էին Վրաստանում: Ծրագրված է մյուս տարի դրանք անցկացնել Ադրբեջանում:

Զորավարժություններին մասնակցում են նաեւ թուրք զինվորականներ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՆԱՏՕ-ի Հարավային հրամանատարության շտաբի պետ Ռաֆայել Բարբուդոն, այս պահին միայն 3 թուրք զինվորական կա Հայաստանում:

Զորավարժությունների ծրագիրը ներառում է միասնական գումարտակի կազմավորում՝ տարբեր երկրների 10-20-ական զինվորականներից: Կրակային փուլում զինվորականները կծանոթանան մասնակից երկրների զինատեսակներին, կփորձարկեն դրանք:
Մասնակիցները կհմտանան սահմանային անցակետերում տարվող ականների հայտնաբերման ու վնասազերծման, պահակային ուղեկցման եւ անվտանգության ապահովման աշխատանքներին:

Բացման արարողության ընթացքում, որը, ի դեպ, ավարտվեց մասնակիցների շքերթով եւ որին Հայաստանի ղեկավարներից մասնակցում էր Ազգային ժողովի նորընտիր խոսնակ Արթուր Բաղդասարյանը, միակ քաղաքական հայտարարությունը, թերեւս, պաշտպանություն նախարար Սերժ Սարգսյանը արեց:

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանը համարում է իր անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկը», - ասաց Սերժ Սարգսյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG