Մատչելիության հղումներ

Ընտրվեց Ազգային ժողովի ղեկավարությունը


Ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների բոլոր 25 պատգամավորների բացակայությամբ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ նորընտիր Ազգային Ժողովն այսօր խորհրդարանի նախագահ ընտրեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, իրավագիտության դոկտոր Արթուր Բաղդասարյանին, տեղակալներ՝ Հանրապետականի փոխնախագահ Տիգրան Թորոսյանին եւ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին:

Ազգային Ժողովի որեւէ ղեկավար պաշտոնում այլընտրանքային թեկնածություններ չառաջադրվեցին, միանձնյա թեկնածություններն էլ բավական ծույլ քննարկման արժանացան: Նրանց առաջադրումը պաշտպանող ոչ մի այլ ելույթ չեղավ: Նիստին ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր Մանուկ Գասպարյանը եզակին էր, որ հարցեր ուղղեց Արթուր Բաղդասարյանին՝ փորձելով նեղել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Ռուստամյանը (Դաշնակցություն), գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ՝ Հրանուշ Հակոբյանը (ՀՀԿ խմբակցություն), պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր»), սոցիալական հարցերով հանձնաժողովինը՝ Գագիկ Մխեյանը («Օրինաց երկիր»), պետաիրավականը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, («Ժողպատգամավոր» խումբ): Տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվեց հանրապետական Գագիկ Մինասյանը:

Ազգային ժողովի անդրանիկ նիստը դեռ չկայացած ու նրա ղեկավար կազմը չձեւավորված՝ նախագահ Քոչարյանը երեկվա իր հրամանագրով արդեն կազմավորել էր նոր կառավարությունը։ Ձեւավորված կոալիցիոն կառավարությունը, այդուհանդերձ, այնքան էլ նոր չէ: Նորեկներ են սոսկ չորսը, եթե նկատի առնենք, որ քաղաքաշինության արդեն նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը տեղափոխվել է գյուղնախարարի աթոռին՝ փոխարինելով հանրապետական Դավիթ Զադոյանին։

Իհարկե, քաղաքաշինության նախարարի պաշտոնում Դավիթ Լոքյանի փոխարինումը «Օրինաց երկիր»-ի համամասնական ընտրացուցակով պատգամավոր ընտրված «Կայծ» ընկերության նախագահ Արա Արամյանով, ըստ էության, անդրկուլիսյան առեւտրի պարադոքսներից է, քանզի դաշնակցական նախարարի պաշտոնավարման օրոք շինարարությունն ամենից արագ ու բարձր աճ արձանագրած ոլորտն է եղել։ Այն ապահովել է վերջին տարիների տնտեսական աճի առյուծի բաժինը:

Մյուս նորանշանակ դաշնակցական նախարարը՝ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանն է, ով փոխարինել է հանրապետական Ռազմիկ Մարտիրոսյանին։ Նախագահի հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել երրորդ դաշնակցականը՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Նորայր Դավիդյանը։ Նա փոխարինել է հանրապետական Արարատ Մկրտչյանին։

Կառավարության մյուս երկու նորեկները վերստին «Օրինաց երկիր»-ից են՝ գիտության եւ կրթության նախարար է նշանակվել Սերգո Երիցյանը, եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար՝ Թամարա Պողոսյանը։ Առաջինը փոխարինել է դաշնակցական Լեւոն Մկրտչյանին, իսկ երկրորդը՝ նախկին դաշնակցական Ռոլանդ Շառոյանին։

Ազգային ժողովի ղեկավար մարմինների ընտրություններից հետո, դիմելով Ազգային ժողովին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Առաջին անգամ երկրում ձեւավորվում է խորհրդարանական կոալիցիա ընտրությունների արդյունքում: Պրոցեսը բավականին բարդ էր... Այնուամենայնիվ, ես շնորհակալ եմ կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներին, որ մեզ հաջողվեց ձեւավորել կոալիցիա եւ հաջողվեց մեկ օրվա մեջ ընտրությունների շնորհիվ ձեւավորել նաեւ Ազգային ժողովի ղեկավար մարմինները»:

Նախագահը համոզմունք հայտնեց, որ դա հնարավորություն կտա առաջիկա չորս տարիների ընթացքում ունենալ «գործունյա Ազգային ժողով եւ արդյունավետ աշխատող կառավարություն»:

Ափսոսանք հայտնելով, որ ընդդիմության ներկայացուցիչները նիստին չեն մասնակցում, Քոչարյանը ասաց. - «Բայց ոչ մի իշխանություն արդյունավետ չի աշխատելու, եթե չլինի խորհրդարանում ընդդիմություն, եթե չլինի երկրում ընդդիմություն: Կարծում եմ, ճիշտ է, երբ իշխանությունը իր հետեւում զգում է ընդդիմության շունչը»:

Իր խոսքի ավարտին նախագահ Քոչարյանը կոչ արեց «ամրացնել մեր պետականությունը»՝ մաղթելով արդյունավետ ու լարված աշխատանք, որ «կբերի լուրջ հաջողությունների»:

Ընդդիմության հետ համագործակցելու օգտին արտահայտվեց նաեւ Ազգային ժողովի նորընտիր խոսնակը: «Այո, պիտի փորձենք, որպեսզի մեր բոլոր գործընկերները՝ նաեւ ընդդիմության դաշտում գտնվող, գան խորհրդարան, եւ կոնստրուկտիվ աշխատանք ծավալենք»:

ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ ասյօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե գտնում է, որ «ապագայում հնարավորություններ կան ե'ւ «Արդարության» հետ, եւ «Ազգային միաբանության» հետ համագործակցելու»:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե ՀՀԿ - Դաշնակցություն լարումը մնացել է նախընտրական շրջանում: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Սարգսյանի գնահատմամբ, կայուն է:


Ռուզաննա Խաչատրյան, Ատոմ Մարգարյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG