Մատչելիության հղումներ

Կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ բանակցությունները մոտեցել են ավարտին


Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանակազմության շուրջ բանակցությունները կարելի է հիմնականում ավարտված համարել: Նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարած երեք հիմնական ուժերից Հայ հեղափոխական դաշնակցության ժողովը թեեւ երեքշաբթի դեռ շարունակվում էր, եւ կուսակցության պատասխանատուները հրաժարվում են կոնկրետ հայտարարություններ անել, սակայն, իրազեկ աղբյուրների պնդմամբ, Դաշնակցությունը համաձայնել է մաս կազմել իշխանությանը:

Մինչեւ նորընտիր Ազգային ժողովի՝ հունիսի 12-ին գումարվելիք առաջին նիստը Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը եւ Դաշնակցությունը հանդես կգան հայտարարություններով ու կպարզաբանեն, թե ինչի շուրջ են համախմբվում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու գործընթացում:

Անանուն մնալ ցանկացած իրազեկ աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց տեղեկությունը, որ նախագահ Քոչարյանի մոտ համաձայնություն է կայացվել, ըստ որի Արթուր Բաղդասարյանին է տրվելու ԱԺ խոսնակի եւ Անդրանիկ Մարգարյանին՝ վարչապետի պաշտոնը: Դաշնակցությանը, ըստ նույն աղբյուրի, տրվելու է ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը, որը պիտի զբաղեցնի Վահան Հովհանիսյանը: Աղվան Վարդանյանը, ում մասին նույնպես խոսվում էր որպես ԱԺ փոխխոսնակի հավակնորդ, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի գործադիրում՝ ստանձնելով սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:

Դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը կհեռանա քաղաքաշինության ոլորտից եւ կզբաղեցնի գյուղնախարարի աթոռը: Ներկայիս գյուղնախարար Դավիթ Զադոյանը, հավանաբար, դուրս կմնա ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր ոլորտից: Պատճառը անցած նախագահական ընտրությունների ժամանակ նրա վատ աշխատանքն է եղել Մալաթիա - Սեբաստիա համայնքում (ուր նա ընտրությունների «պատասխանատուն» էր). Քոչարյանի նախընտրական շտաբին Զադոյանը հավաստիացրել էր, թե կապահովի ընտրողների 60-70 տոկոսի քվեն, մինչդեռ արդյունքները 2-3 անգամ ցածր են եղել:

Դաշնակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ այրվածքաբան Նորայր Դավիդյանը, ամենայն հավանականությամբ, կստանձնի առողջապահության նախարարի պաշտոնը: ՀՅԴ տնօրինությանն են հանձնվելու նաեւ Արագածոտնի ու Շիրակի մարզպետերի պաշտոնները:

Մարզպետական դիրք կստանան նաեւ «Օրինաց Երկիր»-ի երկու ներկայացուցիչ՝ պատգամավորական երկարամյա կենսագրություն ունեցող Ստեփան Բարսեղյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, իսկ Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Սամվել Սարգսյանը, ով ներկայումս նույն մարզի հարկային ծառայության պետն է: «Օրինաց երկիր»-ի ղեկավար անդամ Սերգո Երիցյանը, ըստ երեւույթին, կնշանակվի կրթության ու գիտության նախարար: Այս կուսակցությունը կստանա նաեւ քաղաքաշինության եւ մշակույթի նախարարների պորտֆելները:

Մնացած պաշտոնները կառավարությունում եւ Ազգային ժողովի ղեկավար մարմիններում բաժին կհասնեն ՀՀԿ-ին: Կուսակցության խորհրդի նիստում կորոշվի արդեն կոնկրետ նշանակումների հարցը: Իրենց պաշտոնները ամենայն հավանականությամբ կպահպանեն տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG