Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը կրկին փորձում է եթեր վերադառնալ


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում հեռուստադեցիմետրային թիվ 25 կապուղու համար հայտարարված մրցույթի շրջանակներում կատարած աշխատանքներն էին ներկայացնում ներկայումս այդ կապուղով հեռարձակվող «Արմենիա» հեռուստաընկերությունը եւ դեռեւս անցած տարի նույն հանձնաժողովի վիճահարույց որոշմամբ կապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերությունը:

«Արմենիա»-ն հենց տեղում շարժական հեռուստակայանի միջոցով ուղիղ կապով հեռարձակում էր մրցույթի ողջ ընթացքը՝ դրանով ցուցադրելով, որ հեռուստաընկերությունը զինված է ժամանակակից եւ բարձրորակ տեխնիկայով: Հեռուստաընկերության կանոնադրական կապիտալը 410 մլն դրամ է եղել, իսկ այս պահին կապիտալը զարգացման արդյուքնում հասել է 1 մլն դոլարի: Առաջիկայում «Արմենիա»ն պատրաստվում է եւս 7 մլն դոլարի ներդրում կատարել: Բացի այդ, ամերիկյան Northern Trust ընկերությունը երաշխիքային նամակով պարտավորվել է 10 մլն դոլարի ներդրում կատարել:

«Ծրագրված ներդրումները երազային ներդրումներ չեն, այլ ուղղված են այն խնդիրներին, որոնք մենք ներկայացրել ենք մեր առաջարկում», - լրագրողներին ասաց «Արմենիա»-ի ղեկավար Բագրատ Սարգսյանը:

Հեռուստաընկերությունն այսօր պայմանագրային հիմունքներով համագործակցում է միջազգային մի շարք հայտնի լրատվական գործակալությունների, այդ թվում նաեւ CNN հեռուստաընկերության հետ: Այս տարի նոյեմբերից ապահովելու են 24-ժամյա հեռարձակում:

«Ա1+» հեռուստաընկերությունը մրցույթում հաղթելու դեպքում պատրաստվում է 5 մլն դոլարի ներդրում կատարել: Արդեն ձեռք են բերվել գերժամանակակից սարքավորումներ: Մի շարք պայմանագրեր են կնքվել միջազգային հեռուսատընկերությունների եւ լրատվական գործակալությունների հետ: Հեռուստաընկերության հիմնական ուղղվածությունը անաչառ, անկողմնակալ եւ օբյեկտիվ լրատվությունը պետք է լինի:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունիսի 11-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG