Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը խորհրդարան է գնում պայքարը շարունակելու վճռականությամբ


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, որը չի ճանաչում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում է դրանք վիճարկել Սահմանադրական դատարանում, Ազգային ժողով է գնում պայքարը շարունակելու վճռականությամբ:

Մատենադարանի մոտ ուրբաթ օրը անցկացրած հանրահավաքում կրկին ներկայացնելով արդեն հնչած տեսակետերը անցած ընտրությունների վերաբերյալ, դաշինքի առաջնորդները հավաքվածներին վստահեցրին, որ ընդդիմադիր խմբակցությունը Ազգային ժողովում իր հիմնական նպատակը տեսնում է երկրում «սահմանադրական կարգը վերականգնելու» մեջ:

Երբ դաշինքում քննարկվում էր նորընտիր խորհրդարանը բոյկոտել-չբոյկոտելու հարցը, խորհրդարան գնալու կողմնակիցների ամենածանրակշիռ փաստարկներից էր, թե Ազգային ժողովի ամբիոնը պե'տք է օգտագործել իրենց պայքարում: Դաշինքի ղեկավարները արդեն հայտարարել են, որ առաջնահերթ օրենսդրական նախաձեռնություններից են լինելու Ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները՝ նպատակ ունենալով իրականացնել Սահմանադրական դատարանի առաջարկը՝ անցկացնել նախագահի վստահության հանրաքվե:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը այսօրվա հանրահավաքի իր ելույթում ասաց, թե «շատ շուտով երկրում տեղի են ունենալու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ասաց, թե ընդդիմությունը «պատրաստ է երկարատեւ հետեւողական պայքարի», եւ խորհրդարան գնալը «ընդդիմության հաջողության գրավականն է»:

Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, դաշինքի խմբակցությունը Ազգային ժողովում իր գործունեությամբ ցույց կտա, որ այլընտրանք է այս իշխանությանը: «Եվ պետք է ցույց տանք, որ մենք ի վիճակի ենք վերցնել պատասխանատվությանը», - ավելացրեց նա:

Ստեփան Դեմիրճյանը չբացառեց խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի հետ «կոնկրետ հարցերի շուրջ» համագործակցությունը: Իսկ պատասխանելով կառավարությունում եւ Ազգային ժողովի ղեկավար մարմիններում պաշտոնների բաշխմանը վերաբերող հարցին, «Արդարություն» դաշինքի առաջնորդը ասաց. - «Դաշինքը ուղղակի մասնակից չի այդ բազարներին, որ այսօր գնում են: Դաշինքը որոշում էլ է ընդունել, համաձայն որի զերծ է մնում այս ամենից»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG