Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դա ավելի շուտ թղթախաղի էր նման, քան քաղաքակիրթ ընտրողի նույնքան քաղաքակիրթ կամարտահայտություն էր», - անցած խորհրդարանական ընտրություններն է հերթական անգամ որակավորում «Երկիր» թերթը՝ շարունակականության մեջ շաղկապելով. - «Արդյունքում երկրում աննախադեպ չափերի հասած կաշառակերությունը որակապես նոր մակարդակի հասավ: Հիմա էլ եկել է «ծախսած փողը ետ բերելու ժամանակը», եւ «ընտրակաշառային բումերանգը» պարբերաբար հետադարձ հարվածներ է հասցնելու կաշառակեր ընտրողին՝ գների նորանոր բարձրացումներով:

Ընթացիկ ժամանակին մամուլում եւս մեկ բնորոշում է տրվում կապված առեւտրի հետ, թե ով եւ որ քաղաքական ուժը որ առանցքային պաշտոնն է զբաղեցնելու խորհրդարանում եւ կառավարությունում: Ինչպես փաստագրում է «Իրավունք» թերթը, «Ազգային ժողովի խոսնակի եւ նախարարական տեղերի խնդիրը դարձել է լուրջ լարվածության առիթ իշխանական ճամբարում: Մասնավորապես Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը Ազգային ժողովի խոսնակի պաշտոնի համար կարող է բավականին լուրջ բախումներ բերել, քանզի, ըստ հայտնված արտահոսքի, հանրապետականների առնվազն մի մասը դրան վերաբերում է խիստ բացասական, Դաշնակցությունն էլ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ «քնքույշ սիրով ամենեւին էլ լցված չէ»:

«Ազգ» թերթը երեկ գրել էր, թե երեքշաբթի գիշեր «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշվել է, որ Ազգային ժողովի խոսնակ պետք է «ընտրվի» «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, իսկ փոխխոսնակ՝ «Ազգային միաբանություն» կազմակերպության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Այսօր «Ազգ»-ի տպագրել է «Օրինաց երկիր»-ից ստացած հերքումը, ըստ որի արծարծված «փաստերը» մտացածին են, հերյուրանք եւ չեն համապատասխանում իրականությանը: Արտաշես Գեղամյանն էլ «Իրավունք»-ում դրան արձագանքել է. - «Պարտությունից հետո ռամկավարները եւ «Ազգ» թերթը ցնորքների տիրաժավորմամբ եւ տարածմամբ են զբաղված»:

«Օրրան» թերթը «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից փոխանցում է, որ վերջիններս ամեն ինչի պատրաստ են՝ իրենց ղեկավարին Ազգային ժողովի նախագահ տեսնելու համար: «Հանրապետական կուսակցությունը կքվեարկի՞ ձեր օգտին», - հարցրել է թղթակիցը Արթուր Բաղդասարյանին եւ ստացել միանշանակ վստահ պատասխան՝ «Իհարկե կքվեարկի»: Այս առումով «Օրրան»-ի թղթակիցը նշում է. - «Թվում էր, թե այս ընտրություններից հետո իրավիճակի վրա իր վերահսկողությունը կորցրած Քոչարյանի դիրքերը բավականին թույլ են: Ոչ, նա կրկին գործի գցեց ականջաքաշության իր սիրելի նորմը: Քոչարյանին վայրկյանները կբավականացնեն Ազգային ժողովում նոր մեծամասնություն ունենալու համար: Թող հանրապետականները իրենց շատ չպատռեն՝ «գծեր կան, բիզնես կա, կոմպրոմատ կա»:

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, երեկ «ՀՀԿ վերնախավը դարձյալ քննարկել է Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահ դարձնելու հարցը, արձանագրել է դրա անհնարինությունն ու որոշում կայացրել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Անդրանիկ Մարգարյանին, իսկ վարչապետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանին»:

«Հայոց Աշխարհ» թերթ էլ, վկայակոչելով «հավաստի տեղեկություններ», այսօր հաղորդակից է դարձնում, որ այս փակուղային իրավիճակում չի բացառվում ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրվի ոչ թե որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած պատգամավորներից մեկը: Բնականաբար նա չպետք է որեւէ կուսակցության անդամ լինի: Եւ պետք է արդեն իսկ հարուստ պատգամավորական փորձ ունենա, լինի քիչ թե շատ ճանաչված եւ խորհրդարանական խմբակցությունների հակակրանքը չառաջացնի: «Հայոց Աշխարհ»-ի աղբյուրների պնդմամբ, միանգամայն հավանական է, որ հաջորդ ԱԺ նախագահի թեկնածության ընտրությունը կանգ առնի վերոնշյալ պահանջներին համապատասխանող Կարեն Կարապետյանի վրա, որը նախորդ խորհրդարանում «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարն էր:

Անդրադառնալով ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի դեգերումներին, «Առավոտ» թերթը նշում է. - «Այսպիսի ԱԺ-ի պատգամավոր դառնալու դեպքում, ուզես-չուզես, մաս ես կազմում համակարգի՝ վատ, սխալ, անարդար, բայց այլեւս նահանջելու տեղ չկա... Բացառված չէ, որ շուտով իշխանությունը նրանց հեշտությամբ կգայթակղի երկրորդական պաշտոններով: Այդպիսով, ամենահավանական սցենարն այն է, որ «Արդարություն»-ը խորհրդարան մտնելուց հետո պառակտվելու է», - կանխատեսում է «Առավոտ»-ը:

«Վաղը կկայանա 25-րդ դեցիմետրային կապուղու համար հայտարարված մրցույթը, եւ «Ա1+»-ը վստահ է, որ կհաղթի այդ մրցույթում, որին հավակնում է նաեւ հաճախականության ներկայիս տերը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը», - փոխանցվում է «Այբ-Ֆե» թերթը:

«Առավոտ»-ի խմբագիրը «Օրրան» թերթում, իր մտորումները ներկայացնելով «Ա1+»-ի ճակատագրի շուրջ, ընդգծում է. - «Մեր իշխանությանը միշտ թվում է, որ լրատվամիջոցներ լռեցնելով ու քվեատուփեր լցոնելով հնարավոր է կայունության հասնել: Մինչդեռ էֆեկտը միշտ հակառակն է լինում, եւ իշխանությունները շատ լավ տեսնում են, որ իրենց գործողությունների արդյունքում իրավիճակը ավելի է ապակայունանում»: «Այսպիսի ժամանակաշրջանում եւս զանգվածներից ճշմարտությունն ասելը վտանգավոր է: Հետեւաբար մոտակա ամիսների ընթացքում իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի «Ա1+»-ը եթերում չհայտնվի», - տրամաբանում է «Առավոտ»-ի խմբագիրը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG