Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները


Շաբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների եւ Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները:

Հանրաքվեի դրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, ԿԸՀ-ի որոշմամբ, համարվեցին չընդունված:

Համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային Ժողովի մանդատները բախշվել են հետեւյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 23 մանդատ, «Արդարություն» դաշինքը՝ 14, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 12, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 11, «Ազգային միաբանություն»-ը՝ 9 եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը՝ 6 մանդատ:

Մեծամասնական ընտրակարգով 56 ընտրատարածքներից երեքում ընտրությունները անվավեր են ճանաչվել: Մնացած 53 ընտրատարածքներում ընտրությունները, ԿԸՀ-ի որոշմամբ, համարվել են կայացած: Մեծամասնական մանդատներից 36-ը բաժին է ընկել անկուսակցական թեկնածուների, որոնց մի մասին պաշտպանում են տարբեր քաղաքական կուսակցություններ:

Նորընտիր խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ՀՀԿ-ն ստացել է ամենամեծ թվով մեծամասնական մանդատները՝ 9: Հաջորդը այս ընտրակարգով «Օրինաց երկիր»-ն է, որն ունի 6 մեծամասնական մանդատ: «Արդարություն» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրվել Սմբատ Այվազյանը՝ թիվ 10 ընտրատարածքում: «Արդարություն» դաշինքը պաշտպանել է նաեւ թիվ 4 ընտրատարածքում ընտրված անկուսակցական Մանուկ Գասպարյանին եւ թիվ 36 ընտրատարածքում ընտրված նույնպես անկուսակցական Վիկտոր Դալլաքյանին:

Երրորդ գումարման Ազգային ժողովում, այսպիսով, ՀՀԿ-ն կունենա 32, «Օրինաց երկիր»-ը 18, «Արդարություն» դաշինքը 17, ՀՅԴ-ն 15 պատգամավոր, քանի որ համամասնականով ընտրված 11 մանդատներին կգումարվեն մեծամասնական ընտրակարգով հաղթած անկուսակցականներից 4-ը, ովքեր ընտրությունների ընթացքում վայելում էին կուսակցության աջակցությունը: ՄԱԿ-ը եւ «Ազգային միաբանություն»ը մեծամասնական ընտրակարգով մանդատներ չեն վաստակել:

ՀԺԱՄ կուսակցությանը այդպես էլ չհաջողվեց հաղթահարել 5 տոկոսի սահմանագիծը: Սակայն կուսակցության համամասնական ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հարություն Փամբուկյանը ընտրվել է մեծամասնական ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG