Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները խնդրում են հետաձգել մահապատժի վերացումը


Ինչպես կառավարական աղբյուրներից հայտնի դարձավ շաբաթ օրը, Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդին խնդրել են հետաձգել մահապատժի վերացման՝ նախապես մինչեւ 2003 թվականի հունիսը սահմանված ժամկետը:

Անցնող շաբաթասկզբին Հայաստանում էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող խմբի ղեկավար Երժի Յասկերնյան: Նա հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անցած տարվա սեպտեմբերյան նստաշրջանում արծարծվել էր Հայաստանի ստանձնած որոշ պարտավորությունների չկատարաման հարցը՝ մատնանշելով առաջին հերթին մահապատժի վերացումը: Եվրախորհրդի պատգամավորները, ընդառաջելով Հայաստանի խնդրանքին, սահմանված վերջնաժամկետը՝ ընթացիկ տարեսկիզբը երկարաձգեցին մինչեւ հունիս:

Այսօր արդեն ակնհայտ է, (թեեւ տեսական հնարավորություն նորընտիր Ազգային ժողովը ունի այդ հարցին անդրադառնալու, քանի որ անդրանիկ նիստը գումարվելու է հունիսի 12-ին), որ մինչեւ հունիսի 23-ին սկսվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը նոր Ազգային ժողովը հազիվ թե անդրադառնա մահապատժի վերացմանը:

Անանուն մնալ ցանկացած բարձրաստիճան աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Յասկերնյայի հայաստանյան հանդիպումների ընթացքում Եվրախորհրդի ներկայացուցչին խնդրվել է Եվրախորհրդի ղեկավարությանը փոխանցել մահապատժի վերացման վերջնաժամկետը եւս մեկ տարով հետաձգելու խնդրանքը:

Նորընտիր Ազգային ժողովում մեծամասնության կազմած Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բազմիցս բարձրաձայնել է, թե 1999 թվականի հոկտոմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչություն իրագործած խմբի անդամների համար բացառություն պետք է արվի՝ թողնելով նրանց մահապատժի ենթարկելու հնարավորություն, եթե դատարանը նման որոշում ընդունի: Այս տեսակետը փոփոխություն չի կրել:

Չի փոխվել նաեւ «Արդարություն» դաշինքի տեսակետը: «Մենք գտնում ենք, որ մահապատժի վերացումը վաղ է Հայաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG