Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Օրրան» թերթի հայացքով, Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը միայն տպավորություն են փորձում ստեղծել, թե իրար հետ ինչ-որ խնդիրներ, դժգոհություններ ունեն: Իրականում «Աշխատենք միասին» կարգախոսը լավագույնս աշխատել է նաեւ այս ընտրություններում. - «Հսկայական վարչական ռեսուրսների տեր հանրապետականները «վերցրին» այնքան, որքան սազական է իրենց հնարավորություններին: Եվ այստեղ բոլորովին նշանակություն չունի այն, որ ՀՀԿ-ի իրական վարկանիշը գրեթե չի տարբերվում դաշնակների վարկանիշից»: Վերջիններս էլ իրենց հերթին ստացած նվերից չպիտի դժգոհեն: «Օրրան»-ում այսօր վերլուծվում է նաեւ, որ համամասնական ընտրակարգն էլ անարժաններից փրկության ելք չէ, «քանի դեռ խորհրդարանը տանիք է եւ ապաստարան». - «Ակնհայտորեն՝ ներկայիս կուսակցական ցուցակներում ընդգրկվածների մեջ քիչ չեն տվյալ կուսակցությունների հետ որեւէ ընդհանրություն չունեցող մարդիկ: Մարդիկ, որ նույնիսկ չգիտեն կամ չեն կիսում տվյալ կուսակցության գաղափարախոսությունը»:

«Առեւանգված խորհրդարան» որակող վերնագրի ներքո «Երկիր» թերթի խմբագրականն այսօր ձեւակերպել է. - «Սկիզբ դրեցին նոր մի գործընթացի, երբ չորս տարի շարունակ Հայաստանի Ազգային ժողովին ու հատկապես նրա մեծամասնությանը ուղեկցելու է համաժողովրդական բանակի կողմից միաձայն «նվիրվածության», գողացված քվեատուփերով օրինաց երկիր կառուցելու, ծրագրերին ու գաղափարներին լոկ դոլարով հաղթելու, մականունների շարասյուներ կառուցելու եւ նրանց ապավինելու մասին որակումները, հետեւապես՝ նաեւ ժողովրդի մեջ կասկածի, անվստահության մթնոլորտի ուժգնացման զգացումը։ Ձեւավորվեց խորհրդարան, որը մեծ մասամբ կազմվեց անօրինակ գողության՝ ազատ մարդկանց քվեների հաշվին», - ուրվագծում է Դաշնակցության պաշտոնաթերթը։ - «Եվ նման խորհրդարանը փորձելու է համոզել հարկատուներին՝ կատարել բյուջեի նկատմամբ պարտավորությունները, երբ այդ նույն բյուջեի գումարները ծառայեցին առանձին կուսակցության նախընտրական արշավին։ Փորձելու է համոզել ժողովրդին ու հատկապես երիտասարդությանը՝ սիրել սեփական հայրենիքն ու հայրենակիցներին, երբ նրանցից շատերը ծեծվեցին ու խաբվեցին, կաշառվեցին ու ճնշվեցին այս խորհրդարանի պատգամավորներից շատերի կողմից»։

Քաղաքագիտական հայացքով Սուրեն Զոլյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում գնահատում է. - «Քաղաքական գործոնի դերակատարումը նվազում է։ Եւ դեռ գրանցման փուլում կարելի էր հաստատ ասել, որ ձեւավորվելու է անգամ նախորդից ավելի ցածրորակ խորհրդարան։ Կուսակցությունները ոչ թե ինչ-ինչ քաղաքական նպատակների հասնելու, երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու, այլ իշխանական աթոռներին հասնելու մեխանիզմ են դառնում։ Եւ այդ դեպքում խորհրդարանն էլ առհասարակ դադարում է լինել ներկայացուցչական այն առումով, որ չի ներկայացնում հասարակության կամքն ու պահանջները»։ Սուրեն Զոլյանի կանխատեսմամբ, քանի որ Ազգային ժողովում օրենսդիր աշխատանքով զբաղվելու ունակների թիվը աննշան է, խորհրդարանը կամա թե ակամա դառնալու է կառավարության կցորդը. - «Եթե ԱԺ-ն ի վիճակի չէ ինքը զբաղվել օրենսդիր գործունեությամբ, ապա պետք է ընդունի այն, ինչ առաջարկելու է կառավարությունը։ Այսպիսով, դա ավելի շուտ դակիչ մեխանիզմ է»:

«Այսօր իրեն ամենաշատը «քցված» է համարում ՀՅԴ-ն», - անդրադառնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ մատնանշելով վերջինիս ղեկավարների խորը հիասթափության արտահայտությունները: Այստեղ բերված է եւ Հանրապետական կուսակցության բարձրաստիճաններից մեկի հավաստումը, որ իշխանական բուրգում Դաշնակցության համար առանձնապես շատ բան նախատեսված չէ՝ ընդամենը Ազգային ժողովի մեկ փոխխոսնակի, կրթության ու գիտության եւ քաղաքաշինության նախարարների պորտֆելներ»: Հեռանկարը, որ Ազգային ժողովի նախագահ կարող է դառնալ «Օրինաց երկիր»-ի ղեկավարը, «ՀՀԿ-ի ներսում բուռն դժգոհության տեղիք է տվել, եւ մի շարք հանրապետականներ արդեն իսկ Անդրանիկ Մարգարյանին տեղեկացրել են, որ որեւէ պայմանով «կողմ» չեն քվեարկի Արթուր Բաղդասարյանին», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Օրինաց երկրում» լուրջ մտավախություններ ունեն, թե Քոչարյանի նախաձեռնությամբ կայացած համաձայնությունը կարող է կյանքի չկոչվել»:

Հանրապետականների նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի հարցազրույցում հավաստիացնում է, թե իրենց կուսակցությունում չի քննարկվել խորհրդարանի նախագահի պաշտոնը «Օրինաց երկիր»-ին հատկացնելու հարց: «Եթե անձը Ազգային ժողովի նախագահ պետք է լինի եւ քաղաքական մեծամասնության տրամաբանությամբ չեզոքացվի կամ դառնա Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, դրանից ոչ մեկս չի շահի», - ընդհանրացված շեշտում է Գալուստ Սահակյանը, այս մոտեցմամբ բնավ չբացառելով, որ Ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնեն հենց իրենք:

«Թեեւ մանդատների բաշխումն ըստ կուսակցությունների արդեն հայտնի է, այնուամենայնիվ, դա լիովին կանխատեսելի չի դարձնում ապագա խորհրդարանի եւ կառավարության պատկերը», - արձանագրում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ այս ընթացքը բնորոշելով «հետընտրական բազարների ժամանակներ»՝ բազմաթիվ հավանական հանգուցալուծումներով:

«Խորհրդարանական ընտրարշավի ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ իր բնագավառում իրականացնում է իր կուսակցության (այսինքն՝ Դաշնակցության) ծրագիրը: Դա ինձ վախեցնում է», - կիսվում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Որպես ՀՀ քաղաքացի՝ ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ իմ դպրոցական տղան դաստիարակվի «Ստամբուլը արյան ծով դարձնելու» ոգով: Բայց եթե Լեւոնին փոխարինի, ասենք, հանրապետական նախարարը, ապա ես նույնքան դեմ կլինեմ, որ երեխաները 21-րդ դարում պարտադրված լինեն դավանել ինչ-որ անտիկվար «ցեղակրոնություն»: Ավելի հետաքրիքիր կլինի, իհարկե, եթե կրթության նախարար դառնա «Օրինաց երկրի» ներկայացուցիչը: Այդ դեպքում երեխաները առաջին իսկ դասարանից ապրելու են տատիկներին ավանդները վերադարձնելու անիրական երազանքով: Այդպիսի զավեշտի կարող է բերել կուսակցական գաղափարախոսության ներմուծումը որոշակի բնագավառներ», - ահազանգում է խմբագիրը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG