Մատչելիության հղումներ

Առնվազն երկու ընտրատարածքում ընտրությունները անվավեր են ճանաչվել


Ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի ընթացքում հայտնաբերված զգալի անճշտությունների հետեւանքով մեծամասնական կարգով անցկացված ընտրությունները առայժմ միայն երկու ընտրատարածքներում անվավեր են ճանաչվել:

Թիվ 12 ընտրատարածքում, որտեղ նախ ճնշող առավելությամբ հաղթող էր ճանաչվել անկուսակցական Վերսանդիկ Հակոբյանը, տեղամասերը բացելուց եւ ձայները վերահաշվարկելուց հետո հայտարարվեց, թե հաղթել է ՀՀԿ անդամ Հարություն Ղարագյոզյանը: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Կռունկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վերահաշվարկի ընթացքում Հակոբյանի օգտին տրված քվեաթերթիկների մեջ մեծ քանակ էին կազմում Ղարագյողյանի օգտին տրված քվեաթերթիկները:

Նույն հիմքով ընտրություններն անվավեր են ճանաչվել նաեւ Արմավիր քաղաքի թիվ 29 ընտրատարածքում, որտեղ հաղթել էր «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մեխակ Մխիթարյանը:

Հրազդանում թիվ 41 ընտրատարածքում վերահաշվարկից հետո նախնական արդյուքներով հաղթած Սասուն Միքայելյանը պահպանել է քվեների հիմնական մասը, սակայն «Օրինաց երկիր»-ի թեկնածուն՝ Արայիկ Մարգարյանը դիմել է դատարան, եւ այսօր ընտրական արդյունքները վիճարկվում են Աբովյանի առաջին ատյանի դատարանում:

Թիվ 4 ընտրատարածքում, որտեղ մեծամասնական ընտրակարգով հաղթել էր անկուսակցական Մանուկ Գասպարյանը, ստուգումներն ու քննարկումները դեռ շարունակվում են, բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ Վարդանյանը, խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ նյութերն ուղարկել են համայնքի դատախազություն:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG