Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Խորհրդարանական այս ընտրություններում վճռորոշը պարզապես փողը չէր, այլ նաեւ փողը արդյունավետ ծախսելու կարողությունը: Այս դիտանկյունից է «Առավոտ» թերթը նայում պատճառներին, թե ինչու երկրորդ էշելոնից ՀԺԱՄ-ը, ՀՌԱԿ-ը կամ «Հզոր հայրենիք»-ը չհաղթահարեցին 5 տոկոսի սահմանը: «Օրինակ», - նշում է «Առավոտ»-ը, - «ռամկավարների նախընտրական գլխավոր թեզը՝ «Մենք Ռուսաստանի հայերի միության հետ լուրջ տնտեսական ծրագրեր ենք իրականացնում», չափազանց խոցելի էր: Նախ՝ ինչո՞ւ այդ միությունը նույն ծրագրերը չի կարող իրականացնել առանց որեւէ կուսակցության: Եվ հետո՝ իրականացնում եք, իրականացրեք, խորհրդարանն այստեղ ի՞նչ կապ ունի: Ճիշտ նույն ձեւով «սեփական անհրաժեշտությունը» ԱԺ-ում չկարողացավ ապացուցել նաեւ «Հզոր հայրենիք»-ը: Եթե դու քաղաքապետ ես կամ նախարար, ապա լուծիր նախ եւ առաջ այն խնդիրները, որոնք դրված են քո գերատեսչության առաջ: Կամ գոհ ես քո գործունեությունից, ուրեմն դու հանրապետական ես, կամ դու ուզում ես «փոխել մեր կյանքը», այսինքն՝ ավելի շատ պաշտոններ ունենալ: Այդ դեպքում դու դաշնակցական ես կամ «Օրինաց երկիր»-ից», - բանաձեւի մեջ է տեղավորում «Առավոտ»-ը:

«Երբեք պետք չէ մտածել, թե մեզ կարող է 5 օրական կուսակցության նման թուլաբաժին տան, ու մենք ասենք՝ վա՜յ, ինչ լավ է», - «Առավոտ»--ի հարցազրույցում ասում է Դաշնակցության խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը՝ գնահատելով. - «Այս ընտրությունները համարում եմ գաղափարազուրկ: Ես գոհ կլինեի, եթե մեր թվերն ավելի պակաս լինեին, բայց իսկապես՝ մեզ ինչքան որ հասել էր, այդքան տրվեր: Չեմ կարող այժմ գոհ լինել, քանի որ չեմ համարում, թե ազնիվ ընտրություններ են եղել... Չեմ կարող բարոյական համարել կատարվածը. բացարձակ կաշառատվություն էր ընթանում»: «Երբե՛ք չեմ կարող հարգել այն մարդկանց, որ միշտ իշխողի, հաղթողի կողմից են: Պարզապես մի ավելի պորտֆել կամ քվե վերցնելու համար՝ չենք պաշտպանի որեւէ մեկին», - ընդգծում է դաշնակցական պատգամավորը:

Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը իր հերթին «Առավոտ»-ի հարցազրույցում հավաստիացնում է, թե այս ընտրությունները ոչ թե մեկ քայլ, այլ մի քանի քայլ առաջ էին: «Մենք ոչ մի խախտում թույլ չենք տվել, եւ եթե որեւէ մեկը փորձի մեղադրել մեզ խախտումների մեջ՝ ուրեմն արդար չէ», - ասում է հանրապետական նախարարը, որի կարծիքով, իրենց կուսակցությունը կպահպանի վարչապետի պաշտոնը, կառավարության կազմը շատ չի փոխվի, նաեւ՝ «բարոյական եմ համարում, որ երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժն առաջարկի Ազգային ժողովի նախագահի թեկնածուին»։

«Արդարություն» դաշինքի հաշվին ձեւեցին այնպիսի մի խորհրդարան, որը երբեք «չի ընկնելու» Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հագից», - ձեւակերպել է «Օրրան»-ի մեկնաբանը՝ բերելով եւ Ստեփան Դեմիրճյանի հետեւյալ խոսքը. - «Ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս մի ընտրություններն իսկապես մեկ քայլ առաջ էին՝ կաշառքների բաժանման առումով. ուղղակի կոնկուրս էր ընթանում, եւ այդ աննախադեպ դրսեւորումը հավելվելով արդեն մեզանում իր ուրույն ու հաստատուն տեղն ունեցող լցոնման երեւույթին՝ ընտրությունների նոր մշակույթ ձեւավորեց»: Ինչ վերաբերում է իշխանամետների դաշտում հիմա բորբոքված կրքերին, «Օրրան»-ի թղթակիցը փոխանցում է. - «Արդեն երկու օր է՝ «Հզոր հայրենիք» կուսակցության գրասենյակի միջանցքները չեն հանգստանում: Վիրահայերն անչափ զայրացած են: Շատ կտրուկ քայլեր են պահանջում «Հզոր հայրենիք»-ի եւ «Ջավախք» հայրենակցական միության ղեկավարներից. կատարել վերահաշվարկ, քվեները կրկին ճիշտ չհաշվելու դեպքում՝ պաշտոններից հրաժարում, կուսակցության կուրսի փոփոխություն, ջավախքահայությանը ոտքի հանել, բերել սահմանի մոտ՝ ցույցի»: Այս զայրույթի հիմքում խոշոր իշխանամետ կուսակցություններին, հատկապես հանրապետականներին ուղղվող մեղադրանքն է, որ չեն պահպանել նախապես մշակված խաղի կանոնները եւ ընտրությունների ավարտին «կերել» են նաեւ մանր իշխանամետների տոկոսները:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի ամփոփմամբ՝ մայիսի 25-ին Հայաստանում իշխանության եկավ փողի կուսակցությունը, որը պաշտպանելու է միայն իր մասնավոր, այլ ոչ պետական շահերը, ու դեռ դրա համար էլ այդ հարուստները զգալի աշխատավարձ են ստանալու պետությունից. - «Ազգային ժողովի նոր կազմը ի ցույց է դնում քաղաքականության ու փողի անշրջելի միակցումը եւ քաղաքականությունից մասնագետների ու բանիմացների աստիճանական դուրսմղումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG