Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ձգտելու է պահպանել վարչապետի պաշտոնը


Կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով առավելագույն ձայներ ստացած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ձգտելու է պահպանել վարչապետի պաշտոնը ձեւավորվելիք կառավարությունում:

«Մեզ համար վարչապետի աթոռը բնորոշվում է որպես առաջնային», - «Ազատություն» ռադիոկայանին երեշաբթի օրը ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը՝ հստակեցնելով, որ իրենց նախընտրած վարչապետը Անդրանիկ Մարգարյանն է:

Ապագա խորհրդարանում հանրապետականները կունենան ակնհայտ մեծամասնություն՝ նախնական հաշվարկներով, ՀՀԿ խմբակցությունը կունենա 40 պատգամավոր: Համամասնական ընտրակարգով հավաքած շուրջ 24 տոկոսի դիմաց նրանք կստանան 23 մանդատ, եւս 17 մանդատ կուսակցությանը բերել են մեծամասնական ընտրակարգով ընտրվածները: Նախորդ խորհրդարանում հանրապետականները ունեին միայն 33 ձայն:

Այստեղ հարկ է հաշվի առնել, որ, ինչպես վկայում է փորձը, մեծամասնական ընտրակարգով ընտրված 37 անկուսակցականներից շատերը կպաշտպանեն իշխանության կուսակցությանը: Ուստի չի բացառվում, որ, համախոհներով հանդերձ, ՀՀԿ-ն տիրապետի ապագա խորհրդարանի ձայների 50 տոկոսից ավելիին: Իսկ դա հնարավորություն կտա շատ հարցրեր լուծել՝ առանց համագործակցելու նույնիսկ մյուս իշխանամետ կուսակցությունների հետ.

Չնայած համամասնական ընտրակարգում «Օրինաց երկիր»-ը երրորդ տեղում է «Արդարություն» դաշինքից հետո, նոր Ազգային ժողովում Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը կունենա մեծությամբ երկրորդ խմբակցությունը, քանի որ «Օրինաց երկիր»-ի 9 թեկնածուներ անցել են մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ցուցակից, հավաքած 12 տոկոս ձայներին համապատասխան, կուսակցությունը կստանա եւս 12 մանդատ՝ խորհրդարանում իր աթոռների թիվը հասցնելով 21-ի:

«Արդարություն» դաշինքը հավաքել է ավելի քան 14 տոկոս, ինչի դիմաց դաշինքը կարող է ստանալ 14 մանդատ: Մեծամասնական ընտրակարգով ընդդիմադիր երկու թեկնածու են անցել՝ Վիկտոր Դալլաքյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սմբատ Այվազյանը: Հաշվի առնելով նաեւ նախկին խորհրդարանում անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի ընդդիմադիր կեցվածքը, ընդհանուր առմամբ նոր խորհրդարանում ընդդիմությունը կարող է ունենալ 17 մանդատ, ինչը որեւէ նշանակություն չի կարող ունենալ որեւէ հարց ոչ միայն որոշելու, այլեւ անգամ կասեցնելու համար:

Դաշնակցությանը հասնում է 14-15 մանդատ՝ 11-ը՝ համամասնական ցուցակից եւ մեծամասնականով ընտրված կուսակցության 3-4 համակիրները:

9 տեղ կունենա Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ը, եւ վեց մանդատ՝ Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը:


Հրաչ Մելումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG