Մատչելիության հղումներ

ԱՄՆ-֊ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի դիտորդները նույնպես քննադատում են անցած ընտրությունները


Ըստ Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարական ինստիտուտի դիտորդական առաքելության նախնական զեկույցի, անցած կիրակի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն եւ սահմանադրական հանրաքվեն չկարողացան «հաղթահարել ժողովրդավարականի սահմանագիծը»:

30 բազմազգ դիտորդներից բաղկացած առաքելության վերջնական եզրակացությունը, ինչպես եւ ընտրությունները քննատադած ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների վերջնական զեկույցը, հրապարակվի ավելի ուշ:

«Չնայած վերջին երկու ամիսներին ընտրական գործընթացի որոշ բնագավառներում բարելավմանը, մայիսի 25-ի ընտրությունը չկարողացավ հաղթահարել ժողովրդավարականի սահմանագիծը», - հայտարարեց ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի դիտորդական առաքելության ղեկավարներից Պատրիկ Մերլոն: Նրա գործընկեր Ջին Շահինը ավելացրեց. - «Մայիսի 25-ի ընտրությունները շատ հեռու մնացին ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների սահմանագծից»:

Մերլոն ասաց նաեւ, որ իրենց նկատած ընտրախախտումները պետք է դիտարկել նախագահի ընտրությունների համատեքստում, որոնք ուղեկցվել են լուրջ խախտումներով, ընդդիմության համակիրների ձերբակալություններով: Խորհրդարանական ընտրությունների զարգացումներից նշվեցին Շահումյան գյուղում տեղամասի մոտ սպանությունից մինչեւ առաջադրված թեկնածուների մոտ մեկ երրորդի՝ թեկնածությունը հանելը, ընտրակաշառքը, թաղային հեղինակությունների ազդեցությունը, քվեարկության եւ քվեների հաշվվման ընթացքում կոնկրետ խախտումները, անպատժելիության մթնոլորտը:

Անդարդառնալով սահմանադրական հանրաքվեին, Պատրիկ Մերլոն ասաց. - «Հանրաքվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու համար պետք է հասկանալի լինի հանրության համար: Գործընթացը թափանցիկ չէր եւ բազմակողմանի բանավեճեր չկային»:

Դիտորդները խոսեցին այն փաստերի մասին, որոնց ականատես են եղել: Կոնկրետ տեղամասերով նշվեց, օրինակ, որ զինվորականներին շարքով էին բերել քվեարկության, ինչն արգելվում է, որ հանձնաժողովի նախագահը ձեռքում թաքցրած գրչի միջուկով անվավեր է դարձրել իրեն ոչ ցանկալիների օգտին տրված քվեաթերթիկները՝ թանաքոտելով:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG