Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով, ՀՀԿ-ն առավելագույն ձայներն է ստացել համամասնական ընտրակարգով


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այսօր հրապարակած տվյալներով, խորհրդարանական ընտրություններին եւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին վերջնական արդյունքներով մասնակցել է 1 մլն 194 074 ընտրող կամ երկրի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51.5տոկոսը:

Ընտրատարածքներում գրեթե ամբողջովին մշակվել են մեծամասնական ընտրակարգի նախնական արդյունքները, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ ժամը 17-ը մշակել էր երկրի 1885 ընտրատեղամասերից միայն 1063-ից ստացված տվյալները:

Ստացված նախնական տվյալներով, այդուհանդերձ, համասնական ցուցակներով 5 տոկոսի արգելանքը հաղթահարել է առայժմ 6 կուսակցություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի ներկայացմամբ, դրանք են՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (24.55 տոկոս), «Արդարություն» դաշինքը (14.25 տոկոս), «Օրինաց երկիր»-ը (12.11 տոկոս), Հայ հեղափոխական դաշնակցությունը (11.13 տոկոս), «Ազգային միաբանություն»-ը (9.67 տոկոս) եւ 5 տոկոսի շեմը անսպասելիորեն հատած Միավորված աշխատանքային կուսակցությունը (5.61 տոկոս):

ԿԸՀ-ի հրապարած տվյալներն անմիջապես կասկածի տակ առավ «Արդարություն» դաշինքը, որը դեռ երեկ գիշերը հրավիրած ասուլիսում վստահություն էր հայտնում, թե համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Այսօր տարածած հայտարարությամբ դաշինքը պնդում է, թե «ընտրությունների ողջ գործընթացն ուղեկցվեց Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների անտեսումով»:

«Մեկ անգամ էլ ոտնահարվեց ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ընտրությունները վերածվեցին իշխանությունը վերարտադրելու ձեւական արարողակարգի», - գրում են հայտարարության հեղինակները՝ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնելով «Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի վրա»:

«Կարելի էր ավելի շատ վերցնել, բայց՝ բավ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ ղեկավար անդամ, գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը: - «Երեւի մի քիչ աշխատանքները ուշ սկսեցինք եւ քարոզչույթունը ինչ-որ տեղեր այնպես չարեցինք»:

Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարներից Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «աղաղակող խախտումներ» չեն նկատվել: «Ընտրությունների ընթացքը գնահատում եմ դրական», - ասաց նա:

«Իմ չարագուշակ կանխատեսումը արդարացավ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարզացրույցում ասաց «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ՀԺԿ ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը: - «Իշխանամետ, քոչարյանամետ ուժերի մեջ Հանրապետականը իրականում ամենաքիչ տոկոսները ուներ, բայց հավաքեց առյուծի բաժին: Համենայն դեպս, նա հաստատ ավելի քիչ տոկոս ուներ, քան, ասենք, «Օրինաց երկիր»-ը, ես կասեի՝ նաեւ Դաշնակցությունը»:

Դաշնակցության նախընտրական շտաբում թեեւ հստակ տեսակետներ չեն արտահայտում, սակայն նկատելի է, որ այստեղ էլ գոհ չեն հրապարակված արդյունքներից: «Հստակ խախտումների փաստեր ունենք, եւ վերջնական արդյունքների վերաբերյալ կան էական կասկածներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը այսօր «ավելորդ» համարեց որեւէ մեկնաբանություն՝ ավելացնելով, թե մեկնաբանություննեով հանդես կգան ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո:

Գրեթե նույնպիսի հայտարարություն արեց նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամներից Սերգո Երիցյանը:


Կարենի Քալանթարյան, Շաքե Ավոյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG