Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Խորհրդարանական ընտրությունների ամենահետաքրքիր խարդավանքն իշխանական թեւերի՝ հանրապետականների եւ ՀՅԴ-ի բախումն էր», - ձեւակերպված է «Առավոտ»-ի խմբագրականում: - «Նախագահական ընտրություններում զանգվածային կեղծիքներ խրախուսած ուժերը խորհրդարանական ընտրություններում չցանկացան զոհաբերել իրենց քաղաքական շահերը՝ հանուն երկրի ժողովրդավարական իմիջի փշուրների պահպանման»։ Ըստ թերթի՝ բացի «կոալիցիոն» կառավարությունում պորտֆելներ խոստանալուց՝ նախագահն իրեն սատարողներին հանդարտեցնելու այլ կռվաններ չուներ, քանի որ իր օգտին խախտումներ արած ուժերին չէր կարող արգելել նույնն անել սեփական շահերի համար. - «Նախագահական ընտրություններին Քոչարյանին աջակցող ուժերն այսօր իրավունք ունեն նրանից երախտագիտություն ակնկալել՝ հավակնելով իշխանական բլիթի ամենամեծ կտորին»։

Նույն թերթում խտացված է. - «Կարելի է ասել, որ բռնություններից բացի՝ բոլոր այն մեթոդները, որ կիրառվում էին նախագահի ընտրության ընթացքում ընդդիմության թեկնածուի դեմ, երեկ օգտագործվեցին Դաշնակցության եւ նրա թեկնածուների դեմ»: Ի պատասխան «Առավոտ»-ի հարցի, թե խախտումները փորձելո՞ւ են բողոքարկել սահմանված կարգով, դիմելո՞ւ են դատախազություն, Սահմանադրական դատարան եւ այլն՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը ասել է՝ «Բնականաբա՛ր»:

«Լավագույն ավանդույթները շարունակվում են», - վերնագրված է «Այբ-Ֆե» թերթում: Մեկնաբանի հայացքով, մայիսի 25-ի խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանի համար վերջին հնարավորությունն էին միջազգային հանրությանն ապացուցելու, որ մեր երկիրը վերջնականապես դեռ չի սպառել ժողովրդավարական ուղուց չշեղվելու ռեսուրսները. - «Երեկվա ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ խորհրդարանի ընտրությունները շատ քիչ էին տարբերվում նախագահական ընտրություններից»: «Հերթական անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը միանձնյա նկարեց ընտրությունների արդյունքները», - գրում է «Այբ-Ֆե»-ն: - «Երեկ ժամը 23-ին նա հրապարակեց Ազգային ժողովի ընտրություններին եւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին «բնակչության մասնակցությունը»... Մեկ ժամվա ինտերվալը Արտակ Սահրադյանին անհրաժեշտ էր եւս 161 հազար ընտրող ցուցակներում ներգրավելու համար: Արտակ Սահրադյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ ժամում 161 հազարի մասնակցությունը «նորմալ թիվ է»:

«Հայկական ժամանակ»-ի պատկերմամբ, անցած օրվա վերջին այն կուսակցություններում, որոնք խորհրդարանում հայտնվելու շանս ունեին, բոլորի տրամադրությունը խիստ բարձր ու տոնական էր: «Իսկ երկու կուսակցությունում՝ «Օրինաց երկիր»-ում եւ «Հզոր հայրենիք»-ում, ոչ միայն տոնական սեղաններ էին գցել ու քեֆ էին անում, այլեւ «Հզոր հայրենիք»-ի ներկայացուցիչները ժամը 23-ին արդեն անցել էին նարդի խաղալուն», - գրում է թերթը: - «Օրինաց երկիր»-ում վստահ են, որ իրենց կուսակցությունը շատ լուրջ ներկայություն ունենալու է ոչ միայն խորհրդարանում, այլեւ գործադիր իշխանությունում: Իրենց ներկայությանն ապագա Ազգային ժողովում բնավ չեն կասկածում նաեւ «Հզոր հայրենիքը», ՀՌԱԿ-ը, ՀԺԱՄ-ը, նաեւ՝ Գագիկ Ասլանյան-Լյուդմիլա Հարությունյան դաշինքը: Չնայած այս կուսակցություններում քեֆեր դեռ չէին անում, սակայն վստահ էին, որ հենց ԿԸՀ-ն հրապարակի իրենց թվերը՝ շամպայն հաստատ խմելու են»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը ասել է. - «Վստահ ենք, որ այն թվերը, որի մասին նախապես հայտարարել ենք՝ ունենալու ենք: Եվ թող մնացած կուսակցությունները ոչ թե բամբասեն Հանրապետականին, այլ տղամարդավարի տանեն իրենց պարտությունը»:

«Շիրակի մարզի Ձորակապ գյուղում երեկ մարդիկ խաղաղ նարդի էին խաղում՝ դիմավորելով ու ճանապարհելով ԵԱՀԿ դիտորդներին», - նկարագրում է «Առավոտ»-ի թղթակիցը: - «Ընտրությունների մասնակցությունը եղել է զերո տոկոս: ՀՀ նախագահի ընտրությունների երկու փուլերում էլ ճիշտ այդքան ձայն էր ստացել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Գյուղը, որ ունի մոտ 700 ընտրող, 100 տոկոսով բոյկոտում էր ԱԺ ընտրություններն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»: «Սա էլ մեր բողոքի ձեւն է անարդարության դեմ»,- ասել են գյուղացիները «Առավոտ»-ի թղթակցին՝ իբրեւ անարդարության օրինակ մատնանշելով ՀՀ նախագահի ընտրությունները»: Պատասխանելով «Առավոտ»-ի թղթակցի հարցին, թե իրենց կարծիքով միայն այս գյուղում ընտրությունները բոյկոտելով հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, տարեցներից մեկն ասել է. - «Առաջինն այս գյուղն է, հետո մեկ ուրիշը կլինի, եւ մարդիկ մի օր կհասկանան, որ այդպես շարունակել չի լինի»:

«Առավոտ»-ի խմբագիրը, քվեարկելով թիվ 6 ընտրատարածքում, որտեղ առաջադրված էր միայն մեկ թեկնածու՝ Լեւոն Սարգսյանը, պատկերում է. - «Երբ իմ ընտրատեղամասում ինձ դեմ տվեցին 3 հատ քվեաթերթիկ, որոնցից երկուսի վրա գրված էր «կողմ եմ»-«դեմ եմ», առաջին պահին մտածեցի, թե սխալմունք է՝ հանրաքվեի երկու հատ թերթիկ են տվել: Բայց երբ դրանցից մեկում կարդացի «Սարգսյան Լեւոն Հրաչյայի», հասկացա. Ալրաղացի Լյովը Սահմանադրության նախագծի նման մի բան է՝ կարող ես նրան «կողմ» կամ «դեմ» լինել»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG