Մատչելիության հղումներ

Ռոբերտ Բարրի. - «Իրավիճակն ավելի լավ է, քան նախագահական ընտրությունների ժամանակ»


Խորհրդարանական ընտրություններին հետեւող միջազգային ամենամեծ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը նախագահական ընտրությունների համեմատությամբ, ավելի բարվոք է գնահատում ներկայիս իրավիճակը:

«1996 թվականից ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում դիտարկված ընտրություններից ոչ մեկը չի համապատասխանել միջազգային չափանիշներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ռոբերտ Բարրին: - «Ես կարծում եմ, երբ ընտրությունները առաջին անգամ համապատասխանեն միջազգային չափանիշներին, դա կլինի քաջալերման աղբյուր թե' կառավարության, թե' քաղաքական ուժերի համար»:

Իսկ եթե միջազգային դիտորդների գնահատականները վաղվա ընտրություններից հետո էլ լինեն մոտավորապես նույնը, ինչ նախագահականի ժամանակ, ապա, Բարրիի խոսքերով, «առաջին հերթին կնվազի բնակչության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»: «Անշուշտ, ոչ մի կառավարություն, իշխանություն չի ցանկանա, որ իր հեղինակությունը այդ ձեւով վնասվի», - ասաց նա՝ միաժամանակ ավելացներով, որ իրենց աշխատանքը դիտարկումներ կատարելն ու կարծիքներ հրապարակելն է, իսկ «եզրակացությունների հանգելն արդեն մյուսների գործն է»:

Ամփոփելով անցած նախընտրական շրջանը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը դրական պատասխանեց հարցին, թե կա՞ն արդյոք հնարավորություններ, որ խորհրդարանական ընտրությունները անցնեն ազատ ու արդար, ավելացնելով, այդուհադերձ. - «Բաց է մնում առաջիկա ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու հարցը»:

Ռոբերտ Բարրիի խոսքերով, դիտորդները առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու քվեարկության եւ ձայների հաշվարկման ընթացքին: Այս գործընթացներին հետեւելու համար 2 օր առաջ Հայաստանի են ժամանել մոտ 200 դիտորդ: Կարճաժամկետ առաքելությամբ եկած դիտորդներից բացի, նախընտրական պայքարին դեռ ապրիլի 25-ից են սկսել հետեւել երկարաժամկետ առաքելության անդամ 17 դիտորդները եւ 28 փորձագետները:

Անցած փուլում միջազգային դիտորդները արդեն երեք միջանկյալ հաշվետվություններ են ներկայացրել: Անդրադառնալով դրանց, Բարրին ասաց. - «Մի շարք տեղամասերում խիստ խախտումներ կային նախագահական ընտրությունների ժամանակ, եւ այն անձինք, ովքեր պատասխանատու էին խախտումների համար, քրեական որեւէ լուրջ պատասխանատվության չեն ենթարկվել: Այդ տեղամասերից մի քանիսում նույն մարդիկ մնացել են եւ պատասխանատու են նաեւ այս ընտրությունների համար»: Նա ավելացրեց, որ այդ ընտրատեղամասերը լինելու են իրենց հատուկ ուշադրության կենտրոնում:


Թեկնածուների գրանցման փուլում, Ռոբերտ Բարրիի խոսքերով, օրենքի պահանջները «ընտրովի են կիրառվել»: «Այսինքն՝ նրանք [ընտրատարածքային հանձնաժողովները] ավելի խիստ էին վերաբերում ընդդիմությունը ներկայացնող թեկնածուներին, քան նրանց, ովքեր սատարում են նախագահին, իշխանություններին», - բացատրեց նա՝ նշելով նաեւ, որ եղել է առնվազն 5 դեպք, երբ դատարանները անվավեր են ճանաչել թեկնածուներին չգրանցելու մասին ընտրական հանձնաժողովների որոշումները:

Խոսելով առաքելության արձանագրած դրական տեղաշարժերի մասին, դրա ղեկավարը ասաց. - «Որոշումներ կան, որ մենք ողջունում ենք: Առաջին հերթին դա նորից թափանցիկ քվեատուփեր օգտագործելու որոշումն է»: Թափանցիկ քվեատուփերի օգտագործման մասին ԵԱՀԿ դիտորդական առաքելության առաջարկը, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ մերժել էր, եւ միայն մայիսի կեսերին՝ փոխելով դիրքորոշումը, համաձայնել:

Պատասխանելով, հարցին, թե ավարտված քարոզարշավի ընթացքում, իրենց գնահատմամբ, արդյո՞ք բոլոր թեկնածուները հավասար պայմաններ են ունեցել, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը ասաց. - «Չեմ կարող ասել, թե խոչընդոտներ ընդհանրապես չեն եղել, սակայն կարող եմ ասել, որ իրավիճակն ավելի լավ էր, քան նախագահական ընտրությունների ժամանակ»: Նա նշեց, որ արձանագրվել են Ընտրական օրենսգրքի բացահայտ խախտումների մի քանի դեպքեր. ծառայություններ են մատուցվել կամ առաջարկվել, եղել են մարդկանց նկատմամբ բռնի արարքների դեպքեր, սպառնալիքների դեպքեր՝ հատկապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների նկատմամբ:

Նշելով, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների մոտ 30 տոկոսը դուրս է եկել ընտրապայքարից, Բարրին չբացառեց, որ նրանց մի մասը դա արել է ճնշումների արդյունքում:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրություններին հետեւող հիմնական առաքելությունն է՝ դիտորդների թիվը մոտ 200 է: Ընտրությունների ընթացքին հետեւելու են նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի՝ ավելի փոքրաթիվ դիտորդական առաքելությունները: Այս երեք առաքելությունների համատեղ նախնական եզրակացությունը կհրապարակվի մայիսի 26-ին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG