Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդների տարածաշրջանային այցի ժամկետները դեռեւս անհայտ են


Ղարաբաղյան խաղաղ կարգավորման միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռեւս չեն որոշել տարածաշրջնային այցի ժամկետները: Ընթացիկ ամիս ծրագրված նրանց այցը հետաձգվեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հիվանդության պատճառով:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ հետաձգված այցի նոր ժամկետները դեռեւս ճշգրտված չեն:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե համանախագահները նոր առաջարկություններով են գալու տարածաշրջան, Աղաջանյանը, առանց մանրամասնելու, ասաց. - «Մեր տեղեկություններով, նոր առաջարկ որպես այդպիսին չի լինելու»:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, մինչդեռ, համանախագահները ձեռնունայն չէին գալու. դրանք, իրոք, ոչ թե նոր առաջարկություններ են լինելու, այլ լրամշակված մի փաթեթ, որը խորքում ունենալու էր փարիզյան եւ քիուեսթյան փաստաթղթերի բովանդակությունից բխող գաղափարներ: Առանցքային խնդիրների կարգավորման բանաձեւումներ հանդիսացող այդ գաղափարները պիտի ներկայացվեին կողմերին, իսկ համանախագահների հետագա այցերի ժամանակ՝ եթե ընդհանրական այդ գաղափարները ընդունելի լինելին կողմերի համար, պիտի սկսվեր մանրամասնեցված փաստաթղթի մշակումը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG