Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն կոչ է անում դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին


Նախկին իշխանական կուսակցությունը՝ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) երկուշաբթի օրը հրապարակել է դիմում Հայաստանի ժողովրդին՝ կոչ անելով դեն քվեարկել մայիսի 25-ին հանրավքեի դրվելիք սահմանադրական փոփոխություններին: Դիմումը, որին օրվա երկրորդ կեսին միացավ «Հանրապետություն» կուսակցությունը, նաեւ բոլոր քաղաքական ուժերին եւ պատգամավորության թեկնածուներին հորդորում է հրապարակավ վերաբերմունք արտահայտել նախագծի նկատմամբ:

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների վերլուծությունը դիմումի հեղինակներին բերել է հետեւյալ եզրահանգումների. «վտանգվում է Հայաստանի ինքնիշխանությունը», «սահմանափակվում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները», «նախագահը դառնում է բացարձակ անձեռնմխելի» եւ այլն: Դիմում բաց է այլ ուժերի համար եւս:

Միաժամանակ, «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամներ Արա Սահակյանն ու Աշոտ Սարգսյանը նախագիծը վերլուծող գրքույկ են հրապարակել, որում առաջարկվող փոփոխությունները որակված են «դավ պետության եւ ժողովրդի դեմ»:

ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանը հմաձայնեց դիտարկմանը, թե իրենց նախընտրական քարոզարշավի բովանդակությունը հիմնականում Սահմանադրության հանրաքվեն է, որին ստորադասել են անգամ իրենց համամասնական եւ մեծամասնական քարոզարշավը: «Քանի որ սա վերկուսակցական խնդիր է», - պարզաբանեց նա:

ՀՀՇ վարչության նախագահ, գալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են խնդրի շուրջ բանավեճի՝ ցանկացած ձեւաչափով, ցանկացած լրատվամիջոցով, սակայն, տեսակետներ հայտնելու հնարավորություն չունեն, քանի որ հեռուստատեսային եթերաժամի արժեքը (մեկ րոպեն 120 ԱՄՆ դոլար) իրենց համար անմատչելի է:

«Այս ընտրությունները եթե լինեն այնպիսին, ինչպիսին նախագահականն էր, եւ Սահմանադրությունն էլ անցնի նույն ձեւով, համոզված եղել, որ միջազգային ատյանների ճնշումները հասնելու են այն աստիճանի, որ Հայաստանը դրանից միայն տուժելու է», - շարունակեց ՀՀՇ վարչության նախագահը՝ համոզմունք հայտնելով նաեւ, որ Սահմանադրության հանրաքվեում «էլի թվեր են գրվելու», քանի որ, նրա խոսքերով, ընտրություններին «մեկ միլիոնից ավելի մարդ չի կարող մասնակցել»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG