Մատչելիության հղումներ

«Հայկական ավիաուղիներ»-ի կոլեկտիվը ընտրում է արհմիութենական պայքարի ուղին


«Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության արհմիութենական ընդհանուր ժողովի մասնակիցները թեեւ այսօր վերջնական որոշում չկայացրին, այդուհանդերձ, ցուցադրեցին օրենքի շրջանակներում արհեստակցական միությունների միջոցով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:

«Հանրահավաքներով ոչնչի չենք հասնի», - ասում էին ժողովի բանախոսները, -«ուստի պայքարը պետք է շարունակել արհմիությունների միջոցով: Եվրոպայում ընդունված պայքարի ձեւ է: Մեզ կօգնեն. կդիմենք մյուս արհմիություններին»:

«Հայկական ավիաուղեր»-ի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Ընկերության հսկայական պարտքերի մասին արդեն վաղուց է խոսվում, սակայն պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: Ընկերությունը պաշտոնապես չի լուծարվել կամ սնանկ չի ճանաչվել, սակայն, ըստ կնքված պայմանագրի, «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթների գերակշռող մասը ապրիլի 15-ից իրականացնում է «Արմավիա» ընկերությունը: Աշխատավարձի գծով 8 ամսվա պարտքեր են կուտակվել: 1600 աշխատակիցներից կրճատվել են շուրջ 400-ը, իսկ հունիսին արդեն 50 տոկոսով կրճատումներ են սպասվում:

Այսօր անցկացված արհմիութենական ընդհանուր ժողովին մասնակցում էր ընկերության աշխատակազմի մոտ մեկ քառորդը: Ժողովին հրավիրված ընկերության ղեկավարներից, խորհրդարանի պատգամավորներից ոչ ոք չէր եկել: Հասկանալի է՝ խորհրդարանական ընտրարշավի վերջին օրերն են: «Մենք ասֆալտ չենք ուզում, ձեթ չենք ուզում», - ասաց ընկերության աշխատակից Աշոտ Բերբերյանը: - «Մենք օրենք ենք ուզում»:

Մոտ մեկ ամիս առաջ «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե ընկերության պարտքը շուրջ 28 մլն դոլար է: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, սակայն, լուրջ ուսումնասիրություններից եւ ստուգումներից հետո միայն կարող է ճշտվել ընկերության պարտքերի իրական պատկերը:

«Ինչպե՞ս կարելի է ունենալ 12 -32 մլն պարտք, երբ կես տարին մեկ փոխվել են գլխավոր տնօրեններ, եւ ոչ ոքի դեռ չեն ազատել հրամանով, այլ բոլորը ազատվել են իրենց դիմումի համաձայն՝ ամեն անգամ կուտակելով պարտքեր», - իր զարմանքն արտահայտեց Աշոտ Բերբերյանը:

Իսկապես, ավիաընկերության որեւէ տնօրեն կամ ավիացիայի գլխավոր վարչության որեւէ ղեկավար առ այսօր պատասխան չի տվել իր չկատարած աշխատանքի, ոլորտում առկա թերությունների ու չարաշահումների համար: Լավագույն պատիժն ամեն անգամ սեփական դիմումով աշխատանքից ազատվելն է եղել: Եվ եթե կառավարությունը ուզենար այդ ամենը պարզել, ապա, ըստ այսօրվա ժողովականների՝ «վաղուց արդեն ստուգած կլիներ՝ ամեն մի գլխավոր տնօրենից հետո»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG