Մատչելիության հղումներ

Նախկին հանրապետական պատգամավորը մեղադրանքներ է հնչեցնում իշխանությունների հասցեին


Լոռու մարզում թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, ներկայիս խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում խիստ քննադատության ենթարկեց ներկայիս իշխանությունների՝ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում պահվածքը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս եկած եւ ներկայումս ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում 14-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորը այսօր ՀԺԿ գրասենյակում հրավիարծ ասուլիսում ասաց. - «Այն, ինչ տեղի էր ունենում նախագահական ընտրությունների ընթացքում, տեղի է ունենում նաեւ ներկայումս: Անօրինականությունների եւ բռնությունների լայնամասշտաբ կիրառման պրակտիկան շարունակվում է»:

Նրա խոսքերով, հնարավոր բոլոր լծակները ուղղվել են իր դեմ: Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, Դալլաքյանի խոսքերով, ասվել է. - «Եթե հանկարծ Դալլաքյանը անցավ, դու [Քոչինյանը] Շնողում [վերջինիս հայրենի գյուղը] գյուղապետ կաշխատես»: Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ նման հրահանգ իջեցնողը անձամբ նախագահ Քոչարյանն է. - «Առանց չափազանցության կարելի է ասել, որ այնտեղ [թիվ 36 ընտրատարածքում] քվեարկվում ենք Ռոբերտ Քոչարյանը եւ ես»:

Դալլաքյանի համոզմամբ, ինքը չի խտացնում գույները, եւ իր դեմ ուղղված գործողությունների դրդապատճառը վրեժխնդրությունն է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահից, ով համարձակություն ունեցավ Սահմանադրական դատարանում պաշտպանել Ստեփան Դեմիրճյանի շահերը: Դալլաքյանը հիշեցրեց նաեւ, որ երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նախագահ Քոչարյանը հանդիպում էր ԱԺ պատգամավորների հետ, ինքը միակն է եղել, ով ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարական տա:

«Այսինքն՝ խոսքը վրեժխնդրության մասին է», -ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ ավելացնելով, թե իր անձը այստեղ նշանակություն չունի: - «Եթե նման բան արած լիներ իքս պատգամավորը, խունտան իր լծակները կօգտագործեր հենց այդ իքս պատգամավորի դեմ»:

Դալլաքյանի փոխանցմամբ, ինքը անանուն հեռախոսազանգեր է ստանում, սպառնալիքներ, սակայն իրավապահ մարմիններին չի դիմում, քանի որ «ուժային կառույցներն են կազմակերպում դա՝ վարչապետի եւ պաշտպանության նախարարի հրահանգով»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG