Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամեն ինչ՝ քաղաքականությունից բացի». այսպես է «Այբ-Ֆե» թերթում ի մի բերված օրեցօր քարոզարշավում հնչողը: Միայն սեփական անվան ինքնագովազդ, կաշառքի որոշ փշուրներ ու վերացական խոստումների եթերացնցումներ: «Մի փոշիարցեք ձեր ձայները», - ընտրողներին է դիմում «Առավոտ»-ը՝ հետեւյալ նկատառումներով. - «Անգամ եթե տվյալ քաղաքական ուժն իրո՛ք ի վիճակի է կատարել իր բոլոր խոստումները եւ դրա համար ունի անհրաժեշտ ներուժ եւ ծրագիր, միեւնույն է, չունենալով ԱԺ-ում մեծամասնություն, հետեւաբար չկրելով կառավարության ձեւավորման եւ նրա գործունեության համար պատասխանատվություն, անկարող կլինի կատարել իր ծրագրերի մեծ մասը։ Այդ պատճառով էլ ԱԺ մտնել ցանկացող կուսակցությունների զգալի մասը շռայլում է ամեն կարգի անիրականանալի խոստումներ՝ նախապես իմանալով, որ հիմքեր չունեն հուսալու, թե ԱԺ-ում կունենան մեծամասնություն, իսկ սա ինքնին հրաշալի ալիբի է այն պարագայում, եթե ստիպված լինեն պատասխան տալ ընտրողների չիրականացած սպասելիքների համար»։ Հետեւաբար «Առավոտ»-ի խորհուրդն է. - «Մի փոշիացրեք ու ցրեք ձեր ձայներն այնպես, որ ԱԺ-ում ներկայացված ուժերն իրենց ժողովրդի առաջ ազատ զգան ամեն կարգի պատասխանատվությունից»։

«Այսօր արդեն այնքան պարզորոշ է ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր ընտրազանգվածը, որ քարոզարշավի վերջին տասը օրերի ընթացքում քիչ հավանական է ընտրողների մեծ զանգվածի արտահոսք՝ իշխանության ճամբարից դեպի ընդդիմություն եւ՝ հակառակը: Նման պայմաններում միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ է խորհրդարանական ընտրապայքարի ծանրության կենտրոնը տեղափոխվում իշխանամետ եւ ընդդիմադիր դաշտերից ներս՝ ձեռք բերելով սուր եւ անզիջում կերպարանք» («Հայոց Աշխարհ»): Թերթի վերլուծությամբ, այս խորհրդարանական ընտրապայքարի հիմնական յուրահատկությունն այն է, որ իրականում տեղի է ունենում ոչ թե իշխանամետ ու ընդդիմադիր ուժերի պայքար՝ իշխանության համար, այլ սոսկ մրցակցություն իշխանամետ եւ ընդդիմադիր դաշտերում առաջնություն ձեռք բերելու նպատակով: Այս առումով էլ կանխատեսվում է. - «Մայիսի 25-ին հաջողության են հասնելու այն ուժերը, որոնք մինչեւ ընտրությունները ճիշտ են հաշվարկել սեփական մարտավարությունը՝ գրավ դնելով մեծամասնական ընտրատարածքներում առկա անցողիկ թեկնածուների վրա եւ հաշվի առնելով ընտրողների մի մասի հուսախաբության ու ծայրահեղ պասիվության պայմաններում անխուսափելի դարձող կուսակցությունների վարկանիշերի անկման միտումը»:

«Երկիր» թերթն այսօր փաստագրում է, որ որոշ պատգամավորության թեկնածուների համար դեռեւս հոգեհարազատ է մնում «քաղաքական մրցակիցներից բռնությունների միջոցով ձերբազատվելու տարբերակը»: Որպես օրինակ բերված է Երեւանի թիվ 12 ընտրատարածքի պայթյունավտանգ իրավիճակը. - «Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հարություն Ղարագյոզյանը, նույն ինքը՝ Կարամելի Հարութը, ջանք ու եռանդ չի խնայում իր հիմնական մրցակից, անկուսակցական Վերսանդիկ Հակոբյանի քարոզարշավը տապալելու, նրան, ինչպես նաեւ նրա համակիրներին, պոտենցիալ ահաբեկելու համար... Հարություն Ղարագյոզյանի ակտիվ մասնակցությամբ սա առաջին ընտրությունը չէ, որ ուղեկցվում է բռնություններով. նախորդ ընտրություններում նրա կողմնակիցների գործադրած ֆիզիկական բռնությունների արդյունքում նույնիսկ զոհ է եղել»:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Շատ մեծամասնական թեկնածուներ, նաեւ կուսակցություններ օր օրի առավել առարկայորեն են զգում իրենց վիճակի օրհասականությունը: Քարոզարշավի վերջում նրանք, կարծում եմ, պետք է գտնեն մեկին ու նրա վրա բարդեն իրենց անհաջողության մեղքը»: Ինչ վերաբերում է, մասնավորապես, ներընդդիմական հարաբերություններին, Կարապետյանը նշել է. - «Մեզ շինծու մեղադրանք են հասցեագրում, թե ինչո՞ւ չմիացանք իրեն ընդդիմություն հռչակած աջաբսանդալին: Ախր, նրանց ինչի՞ն միանանք, երբ ո՛չ կենսագրություն ունեն, ո՛չ անաղարտ անցյալ, ո՛չ կայացած առաջնորդ, ո՛չ էլ գործունեության ծրագիր կամ գոնե քաղաքական որոշակի ուղղվածություն: Նրանց պայքարը, ըստ էության, մե՛ր դեմ է, քանզի չեն կարողանում մեզ ներել, որ չմիացանք միջակությանը եւ չնպաստեցինք իրենց իշխանության գալուն»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ իր հերթին «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ձեւակերպում է. - «Ընդդիմադիր այն ուժերը, ովքեր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չպաշտպանեցին ընդդիմության թեկնածուին, ըստ էության, ընտրակեղծիքների համար ալիբի ստեղծեցին: Այն ուժերը, որոնք այսօր իշխանություններին թողած՝ քարկոծում են մեզ, այդ կապակցությամբ մեկնաբանություն անելն էլ ավելորդ է, քանզի ակնհայտ է, թե ինչ է կատարվում»: «Ցանկացած սոցհարցումով «Արդարություն» դաշինքն առաջին տեղում է եւ շատ մեծ առավելությամբ», - հղում է անում Դեմիրճյանը, հաճախակի ակնարկների առնչությամբ էլ, թե՝ իրենց հանդիպումները սակավամարդ են դարձել՝ ավելացնելով. - «Նախագահական ընտրություններն ավելի շատ էմոցիաներ են արթնացնում մարդկանց մոտ, քան խորհրդարանականը: Եվ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանդիպումները, համեմատական առումով, երբեմն սակավամարդ են: Իհարկե, սա օրինաչափություն չէ, որովհետեւ այս շրջանում եղել են նաեւ հանդիպումներ, որոնք մարդաշատությամբ չեն զիջել նախագահականին: Օրինակ, երեկ Կոտայքի մարզում մեզ այնպես ընդունեցին, ինչպես չէին ընդունել անգամ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Սա այն դեպքում, երբ մեր համակիրների նկատմամբ ճնշումները շարունակվում են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG