Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրություններում թափանցիկ քվեատուփերի օգտագործման կարգը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որը նախապես որոշել էր մայիսի 25-ին խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ օգտագործել մեկ անթափանց քվեատուփ, այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հաստատեց փոփոխություններ, ըստ որոնց ԱԺ ընտրություններում եւ նույն օրը կայանալիք սահմանադրական հանրաքվեում կօգտագործվեն թափանցիկ քվեատուփեր: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ողջունել է այդ որոշումը՝ նշելով, որ դա կնպաստի ընտրությունների թափանցիկությանը:

Դեռեւս անցած մարտին ԵԱՀԿ գրասենյակը առաջարկել էր ԿԸՀ-ին տրամադրել լրացուցիչ թափանցիկ քվեատուփեր, որպեսզի յուրաքանչյուր ընտրատեղամասում մեկից ավելի քվեատուփեր օգտագործվեն խորհրդանական ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում։ Սակայն ԿԸՀ մերժել էր առաջարկը՝ փաստարկելով, թե դա հակասում է օրենքին:

Այսօրվա որոշման ընդունմանը վերջին օրերին նախորդել են ակտիվ քննարկումները ԿԸՀ-ի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների միջեւ: Մայիսի 6-ին ԿԸՀ-ի նախագահը դիմել էր ԵԱՀԿ գրասենյակ՝ լրացուցիչ թափանցիկ քվեատուփեր տրամադրելու խնդրանքով։ Չնայած չափազանց ուշ ծանուցմանը, գրասենյակին հաջողվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ կազմակերպել լրացուցիչ թափանցիկ քվեատուփերի արտադրումը եւ դրանց առաքումը Հայաստան։ Գրասենյակին նաեւ հաջողվել է միջազգային դոնորներից համաձայնություն ձեռք բերել այս նախաձեռնությունը ֆինանսավորելու ուղղությամբ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ, Իլեյն Կոնկեւիչը երկուշաբթի օրը հերքեց, թե ԿԸՀ-ի որոշումը արդյունք է իրենց կողմից գործադրված ճնշման:

«Մեր կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա որեւէ ճնշում չի եղել», - ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե այստեղ դեր են ունեցել մամուլի հրապարակումները:

Կոնկեւիչի տեղեկացմամբ, ինչպեսեւ նախագահական ընտրությունների ժամանակ, թափանցիկ քվեատուփերը պատրաստվեն Դանիայում եւ մինչեւ մայսիս 25-ը կբերվեն Հայաստան: Հավելումն նախագահական ընտրություններից առաջ բերված 2000 քվեատուփերի, որոնք կօգտագործվեն նաեւ ԱԺ ընտրություններում, Հայաստան կբերվի եւս 3401 քվեատուփ:

Քվեարկության համար ընտատեղամասերում տեղադրված կլինի 3 քվեատուփ՝ մեկը սահմանադրական հանրաքվեի, երկուսը՝ խորհրդարանական ընտրությունների համար:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG