Մատչելիության հղումներ

Նախագահի հանձնարարությամբ կփոփոխվի «Եկամտահարկի մասին» օրենքը


Նախագահ Քոչարյանը համապատասխան կառույցներին հանձնարարական է տվել «Եկամտահարկի մասին» նոր օրենքի նախագիծ մշակել եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը ներկայացնել կառավարություն, իսկ հետո՝ ապա՝ նորընտիր Ազգային ժողով։

Ըստ հարկային ծառայության ղեկավար Երվանդ Զախարյանի, Հայաստանում եկամտահարկի մասով ստվերայնությունը կրկնակի բարձր է մյուս հարկատեսակների համեմատությամբ ու հասնում է 70-80 տոկոսի. - «Ամենաշատ ստվերը եկամտահարկում է: Աշխատողները, մեծ մասամբ, չեն գրանցվում, չեն ձեւակերպվում, այլ կանխիկ գումարներով են ստանում իրենց վարձատրությունը: Կամ շատ ցածր աշխատավարձով են ձեւակերպվում եւ աշխատավարձի տարբերությունը կանխիկ ստանում»:

Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ եկամտահարկի դրույքաչափը երկու տարի առաջ կտրուկ իջեցրին մինչեւ 13 տոկոս, եկամտահարկի գծով մուտքերը կրկնապատկվեցին։ Նման պայմաններում, իհարկե, հեշտ էր ներդնել նաեւ երկրի բոլոր քաղաքացիների եկամուտների եւ գույքի պարտադիր հայտարարագրման համակարգը։ Իսկ Հայաստանում այս ուղղությամբ սոսկ առաջին քայլերն են արվում։

Մարտի 1-ին լրացել է անցյալ տարի ստացած եկամուտների եւ ունեցած գույքի պարտադիր հայտարարագրման ժամկետը եւ արդունքները, օրենքի համաձայն, պետք է հրապարակվեն հունիսի 1-ին։ Այս տարի ընդլայնվել է պարտադիր հայտարարատուների շրջանակը՝ ընդգրկելով նաեւ ոստիկանության, հարկային եւ մաքսային բնագավառի աշխատակիցներին։ Ըստ հարկային ծառայության ղեկավարի, մոտ 70 հազար պոտենցիալ հայտարարատուներից հայտարարագրեր են ներկայացրել շուրջ 45 հազարը։

Հազիվ թե կարելի է ակնկալել, թե եկամուտների եւ գույքի պարտադիր հայտարարագրման արդեն ավարտված կամպանիան լուրջ արդյունքներ կգրանցի։ Կարելի է սպասել, որ մեր պաշտոնյաները, ինչպես եւ անցյալ տարի, հայտարարագրել են սոսկ իրենց պաշտոնական վաստակները, եւ, իհարկե, շատ համեստ գույքը։ Նորից կպարզվի, որ, օրինակ, գերեկամտաբեր մի քանի խոշոր բիզնեսները վերահսկող նախարարի տարեկան եկամուտը երեք միլիոն դրամից չի անցնում։ Այս վիճակը, թերեւս, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գոյացող բոլոր եկամուտները դուրս չեն բերվել ստվերից ու հայտարարագրերի լրացումը պարտադիր չի դարձել երկրի բոլոր քաղաքացիների համար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG