Մատչելիության հղումներ

Նշվեց Երկրապահի օրը


Երկրապահի կամավորականների միությունը (ԵԿՄ) այսօր հանդիսավորությամբ արդեն երկրորդ անգամ նշեց Երկրապահի օրը: Մի քանի հարյուր երկրապահների հանդիսավոր հավաքում քաղաքական հայտարարություններ գրեթե չհնչեցին:

Անցած նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին սատարելու մասին որեւէ հայտարարությամբ հանդես չեկած ԵԿՄ-ն, խորհրդարանական ընտրարշավի ընթացքում էլ, կարծես, չեզոքություն է պահպանում:

ԵԿՄ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, այդուհանդերձ, իր եզրափակիչ խոսքում կոչ արեց ներկաներին քվեարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրաված երկրապահ թեկնածուների օգտին:

Քաղաքական բովանդակության սքողված որոշ տարրեր էլ նկատելի էին ԵԿՄ նախագահ, պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի խոսքում:

«Անկախ քաղաքական հայացքներից, անկախ բոլոր տեսակի երեւույթներից, ինքներս մեզ հարգենք ու հավատանք», - ասաց նա: - «Իսկ եթե ոչ՝ այդ երկիրը կկործանվի»:

Հավաքի ժամանակ հանձնվեցին պետական եւ ԵԿՄ-ի սահմանած պարգեւներ: Պաշտպանության նախարար ՍերԺ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվածների մեջ էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Իսկ ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգեւատրվեցին ե'ւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ե'ւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

«Դա զարմանալի էր՝ նույն ցուցակի մեջ երկուսի հայտնվելը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանի մերձավորներից Սմբատ Այվազյանը՝ կատակով ավելացնելով. - «Դա երկրապահի վարչության կոմպլեմենտար քաղաքականության հետեւանքն էր»:

Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, Այվազյանը ասաց, թե անցած նախագահական ընտրություններում թեեւ ԵԿՄ-ն հստակ դիրքորոշում չունեցավ, շարքային անդամների ճնշող մեծամասնությունը դեմ էր «Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի ռեժիմին»: «Այս առումով», - շարունակեց նա, - «իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի նրանք [երկրապահները] չմտնեն խորհրդարան»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG