Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հայաստանը չի կարող նպաստել Իրանի մեկուսացման քաղաքականությանը»


Այսօր ելույթ ունենալով Հայ դատի հանձնախմբերի հերթական համաժողովում, որն առաջին անգամ անցկացվեց Երեւանում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, երկրի համար նշելով արտաքին հարաբերություններում 3 ուժային կենտրոնների՝ Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Եվրախորհրդի համար հուսալի գործընկեր լինելու կարեւորությունը, շեշտեց որ դա պետք է արվի՝ պաշտպանելով մեր շահերը:

«Մենք Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանում կարող ենք շատ բան անել, բայց բազմաթիվ խնդիրներ էլ կա, որ չենք կարող անել», -ասաց Օսկանյանը: - «Օրինակ՝ մենք չենք կարող նպաստել Իրանի իզոլացման [մեկուսացման] քաղաքականությանը: Դա բացառված է Հայաստանի կողմից, որովհետեւ դա չի բխում մեր շահերից»:

Նախարարի խոսքերով, դա հակասում է նաեւ մեր անվտանգության, տնտեսական զարգացման խնդիրներին:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Հայաստանը չի դիմում միջազգային դատարան, արտգործնախարարը պարզաբանեց, որ նախ եւ առաջ դրա իրավական հնարավորությունը չկա, քանի որ Հայաստանն ու Թուրքիան չեն ստորագրել Հաագայի միջազգային դատարանի համապատասխան հոդվածը: Բացի այդ, նրա խոսքերով, դատարան դիմելը վտանգ է պարունակում:

«Ցանկացած հարցում դատարան գնալը նշանակում է քո շահելու հավանականությունը հիսուն-հիսուն է», - ասաց Օսկանյանը: - «ինչքան էլ որ քեզ համար արդարացի լինի քո դատը: Որովհետեւ միջազգային դատարաններում առավել գերիշխողը քաղաքական պրոցեսներն են եւ ոչ թե իրավականը: Եվ այստեղ շատ լուրջ վտանգ կա, թե ինչպիսի որոշում այնտեղ կարող է լինել»:

Վարդան Օսկանյանը ասաց նաեւ, թե ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցեղասպանության ճանաչման խնդիրը մտի Եվրամիության պահանջների մեջ [Թուրքիայի անդամակցության հարցում]:

«Ես կարծում եմ, որ դա մեր լավագույն հնարավորություններից մեկն է՝ Թուրքիային պարտադրելու այդ ճանաչումը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG