Մատչելիության հղումներ

Ներկայիս Հայաստանից ժողովրդավարություն պահանջելը, ըստ ԿԸՀ-ի նախագահի, «աբսուրդ» է


2003-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ոչ միայն խիստ գնահատականներ են տրվել, փաստվել են քվեարկության, քվեաթերթիկների հաշվառման եւ արդյունքների ամփոփման ժամանակ թույլ տրված կոնկրետ եւ լուրջ խախտումներ, այլեւ առաջարկվել է հստակ եւ գործուն միջոցառումների շարք: Դրանով միջազգային դիտորդները փորձում են օգնել Հայաստանի պետական եւ ընտրական իշխանություններին՝ հնարավորինս ձերբազատվել թերություններից: Երկուշաբթի օրը Երեւանում սկսեց աշխատել Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից կազմակերպված քառօրյա սեմինարը՝ նվիրված ընտրական գործընթացներին:

Հայկական կողմը, անշուշտ, խոստանում է ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց ձեռնարկվող գործնական քայլերը հազիվ թե կարելի է բավարար համարել: Մասնավորապես, զեկույցում պահանջվում էր պատասխանատվության ենթարկել ընտրախախտումներ կատարողներին, հանկապես՝ օրինազանց պաշտոնյաներին: Թեեւ հանրապետության համայնքային դատախազություններում ընտրություններից հետո նյութեր էին հավաքվում, բայց առ այսօր քրեական գործ հարուցելու պահանջով բոլոր դիմում-բողոքները մերժվում են: Հարուցվել է միայն մեկ քրեական գործ:

Եթե անգամ արարքը քրեորոն հետապնդելի ընդունվի, ինչ-որ անձանց նկատմամբ էլ դատարանը օրենքի պահանջով ամենախիստ պատիժը (երեք տարվա ազատազրկում) սահմանի, միեւնույն է՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո համաներում է նախատեսվում, ինչը տարածվում է նաեւ այդ հոդվածների վրա: Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի խոսքերով, այդպես եղավ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ բոլորն էլ համաներումով ազատվեցին պատժից: Ավելին՝ Գյուլումյանի տեղեկացմամբ, եղել է դեպք, երբ պայմանական դատապարտմամբ դատարանի կողմից պատժված ընտրական հանձնաժողովի անդամը հետագայում կրկին հայտնվել է ընտրական հանձնաժողովի կազմում:

ԵԱՀԿ դիտորդները եւ Վենետիկի հանձնաժողովի մասնագետները որոշակի դիտողություններ էին արել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը այսօր վստահաբար հայտարարեց, որ մեր օրենսգիրքը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում լավագույններից մեկն է՝ այդուհանդերձ ավելացնել, թե միշտ չէ, որ լավ օրենքը կարող է արդար ընտրությունների երաշխիք դառնալ: Կարեւորը, ԿԸՀ նախագահի խոսքերով, ժողովրդավարական հասարակություն ունենալն է, իսկ մեր ժողովուրդը, երկար տարիներ խորհրդային շրջանում ժողովրդավարական ընտրություններ չի անցկացրել, եւ հիմա 7 տարվա Սահմանադրություն ունեցող երկրից ժողովրդավարություն պահանջելը «աբսուրդ է»:

«Վերջին հաշվով, հասարակությունը ինքը պետք է զարգանա, աճի եւ գա այդ մակարդակին», - հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: - «Արհեստական բերել, հավատացեք, անհնար է»:

Սահրադյանը, այդուհանդերձ, հպարտությամբ նշեց, թե ընտրությունից ընտրություն որոշակի առաջընթացը «ակնհայտ է»՝ «2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ ունեցանք լուրջ ընդդիմախոսություն», «ունեինք նախագահի 9 թեկնածու» եւ «երկրորդ փուլում առաջին անգամ թեկնածուների հեռուստաբանավեճ եղավ»:

«Խոսքի եւ մարդու իրավունքները ոչ մի տեղ չեն ոտնահարվել», - շարունակեց Սահրադյանը եւ, կանխելով ձերբակալությունների ու ընդդիմության հանրահավաքների ժամանակ կիրառված բռնությունների հիշատակումը, անմիջապես ավելացրեց, թե իրավապահ մարմինները, իհարկե, կոշտ մոտեցումներ ցուցաբերել են, սական օրինակ բերեց, թե եվրոպական երկրներում էլ հանրահավաքների ժամանակ «դագանակներով ու շներով մարդկանց ցրում են»: «Այնպես որ ժողովրդավարությունը միանշանակ արժեք չէ», - հայտարարեց Արտակ Սահրադյանը:

Արտակ Սահրադյանի կրկնեց փաստարկը, թե ԵԱՀԿ վերջնական զեկույցում նշված խախտումների ծավալը այնքան չէր, որ ազդեր ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Այդուհանդերձ, ԿԸՀ-ն վերլուծել է բոլոր դիտորդական առաքելությունների դիտողությունները, եւ առաջիկա ընտրություններում դրանք հաշվի կառնվեն:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG