Մատչելիության հղումներ

«Մամուլի թշնամի» տիտղոսը կրկին տրվում է Ռոբերտ Քոչարյանին


Մամուլի ազգային ակումբը երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանում «Մամուլի թշնամի» տիտղոսը տալիս է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ «Մամուլի բարեկամ» տիտղոսի փնտրտուքները այս տարի էլ ապարդյուն ավարտվեցին:

Ինչպես հայտարարեց Մամուլի ազգային ակումբի անդամ Վարդան Վարդանյանը, այսօր նշվող Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ տրվող այդ տիտղոսին նախագահ Քոչարյանը արժանացել է «ԶԼՄ-ների, մասնավորապես հեռուստաեթերի վրա ամբողջական վերահսկողություն սահմանելու, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը համառորեն շրջանառելու, «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները չվերաբացելու, ընտրարշավի ժամանակ լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառողներին, ըստ էության, հովանավորելու, լրագրողական դաշտը պառակտելու համար»:

Նշենք, որ այս հիմնավորումը ներառում էր տասը պոտենցիալ հավակնորդների (երկրի վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ), հասցեին հատվածաբար հնչած բոլոր մեղադրանքները:

«Ֆրիդոմ հաուզ» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության գնահատականներով, Հայաստանը մամուլի ազատության առումով հետընթաց է ապրել՝ «մասնակիորեն ազատ» կատեգորիայից դուրս մնալուց հետո համալրելով «անազատ» կատեգորիան:

Լրագրողական մեկ այլ կազմակերպության՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, մեկնաբանելով «Ֆրիդոմ հաուզ»-ի գնահատականը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նախորդ զեկույցում մեր երկիրը միայն մեկ միավորով էր անջատվում «անազատ» մամուլ ունեցող երկրներից: Նահանջը, մինչդեռ, արձանագրվել է 5 միավորով, եւ Նավասարդյանի խոսքերով՝ «դա միանգամայն օբյեկտիվ է»:

Ինչ վերաբերում է մամուլի թշնամի կամ բարեկամ գտնելու սկզբունքին, ապա, Նավասարդյանի կարծիքով, դրան պետք է մասնակցի ամբողջ լրագրողական հանրությունը, այլապես դա դառնում է կոնկրետ մի կազմակերպության՝ Մամուլի ազգային ակումբի տեսակետը, ու «ինչքան էլ դա օբյեկտիվ լինի, ջրբաժան է դառնում առանց այդ էլ պառակտված լրագրողական ընտանիքում»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG